Հետմիջօրեին

Ամեն ինչ այնքան հստակ է ու նոր
Խելագարության նման անսովոր
Այս խեղդող ու տոթ հետմիջորեին,
Ուր նվաղել են հանճարն ու հոգին:

Հրաձգության ձայներից խրտնած`
Հեռվում թևածող ամպիկները թաց
Իմ խոնավացած հուշերի նման
Նոր դեմք են հագնում ամեն մի վայրկյան:

Ու տարրալուծվում տարածության մեջ`
Երկնում թողնելով պատկերը քո մերկ,
Որ չբացվեց ինձ ազատության մեջ
Ու որ երազվեց նորից ինձ երեկ:

Կարոտը մեռավ: Իսկ դու ապրում ես
Դեռ իմ խարխլված ու թույլ հոգու մեջ
Եվ այս խելագար հետմիջօրեին
Միրաժի նման հայտնվում ես ինձ: