ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ծատուրյան Ալեքսանդր
(1865- 1917)

Ծատուրյան Ալեքսանդր Հովսեփի : Ծնվել է 28.4.1865, Զաքաթալայում, մահացել է - 31.3.1917, Թիֆլիսում: Բանաստեղծ, թարգմանիչ:

Սովորել է ծննդավայրի դպրոցում, ավարտել քաղաքային երեքդասյան ուսումնարանը (1881): ՈՒսուցչություն է արել Նիժնի Նովգորոդի և Մոսկվայի հայ մեծահարուստների ընտանիքներում, ծառայել բանկային և առևտրական գրասենյակում: Աշխատակցել է "Հանդես գրական և պատմական" տարեգրքին, "Մուրճ" ամսագրին:

1902-ին դարձել է Մոսկվայի գրակ.-գեղարվեստական խմբակի անդամ:

1891-ին Մոսկվայում լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն, 1898-ին՝ երկրորդը: Ժամանակի բարքերի մերկացումները նրա քնարերգության մեջ միահյուսվում են ազգային վշտի ու տառապանքի, ազգային ազատագրական պայքարի մոտիվներին ("Տուր ձեռքդ", "Զինվորի երգը", "Հերիք է, ազգ իմ..."):

Ծատուրյանը մասնակցել է Յու. Վեսելովսկու և Մ. Բերբերյանի կազմած "Հայ արձակագիրներ" (1893) ժողովածուի նյութերի ընտրությանն ու թարգմանությանը, Յու. Վեսելովսկու հետ ռուսերեն է թարգմանել (1893) Գ. Սունդուկյանի "Պեպոն": Եղել է Վ. Բրյուսովի կազմած "Հայաստանի պոեզիան..." ժողովածուի նախաձեռնողներից:

1905-ին թարգմանել ու հրատարակել է "Ռուս բանաստեղծներ" ժողովածուի առաջին հատորը, 1906-ին՝ երկրորդը: Ծատուռյանը հանդես է եկել Սնար, Սլաքյան, Արծիվյան, Շիրակյան և այլ կեղծանուններով: Ծատուռյանի երկերը ռուսերեն են թարգմանել Յու. Վեսելովսկին, Վ. Բրյուսովը, Ե.Պոլոնսկին, Բ. Սադովսկին:

Ա. Ծատուռյանի թեքստերով երգեր են գրել Ա. Սպենդիարյանը ("Այ վարդ", "Մի լար բլբուլ", Ա. Տեր-Ղևոնդյանը ("Արի ընկեր"), Ե. Բաղդասարյանը ("Սիրուն գարուն"):