ՍՏՎԵՐՆԵՐԸ Լևոն Բաշալյանին

Այն տեղը մութ է, ամայի և լռին.
Հող մը ամուլ, ուր ոչ մեկ խինդ կցողի,
Ուր չի շողար ծաղկին ժպիտն ու ծառին:

Երկինք մը ցած, ինչպես ձեղուն մը հյուղի
Ու ոճիրի պես սև. օդին մեջ` անվերջ
Կծածանի փտումի հոտ մը լեղի:

Ձեռքս որ, կույր, կխարխափե մութին մեջ,
Երբեմն ցուրտ կու գա քրտինք մը յուղոտ,
Զոր կը թափեն պատեր մռայլ, հին ու գեջ:

Սրունքներուս մեջեն մուկեր գարշահոտ
Կվազվռտեն, և ոտքիս տակ թանձր օձեր
Իրենց մարմինը կքաշեն բազմահոդ:

Գլխուս վերև, մերթ չղջիկներ` ծանր ու ծեր`
Կանցնին անձայն. շրջմոլ հուրեր նվաղուն
Կթըռչըտին մելամաղձիկ, համրերեր:

Եվ միայնակ կթափառիմ այդ անհուն
Այրին մեջ ուր արհավիքներ կբնակին
Եվ ուր կտիրե սառուցիկ շունչը մահուն:

Եվ ահաբեկ, մարմինս համակ սարսռագին,
Կհարցնեմ` “Ո՞ւր եմ, ո՞վ զիս բերավ հոս.
Ի՞նչ է այս տեղն որ նման է Դժոխքին”:

Կարձագանքե ձայնիս խորինն այն քաոս,
Եվ ստվերներ հանկարծ մութէն կհառնեն,
Կիներ, որոնց լանջն ունի վերք մշտահոս:

Ճերմակ քողեր վար կկախվին ճակատնեն`
Ուր կկրէ անձյուրն աստղիկ մ’աղվալույս.
Ու դողդոջ են, վտիտ, տղեղծ, դժգույն են:

Կմոտենա մին, աչքերով մշտակույս,
Կուրծքին վրա ծալլած թևերը նիհար,
Դեմքն համակված ցավով մը ցուրտ և անհույս:

Կհարցնեմ. Ո՞վ ես, աղջի՛կ դալկահար…
Եվ ան` “Ես Սերն եմ,– կհծծէ խուլ ձայնով,–
Տռփանքը զիս խոցեց մեռցուց չարաչար”:

Երկրորդ ստվեր մը կսահի ինչպես հով,
Ստվեր մը նուրբ ու թափանցիկ ու տմույն,
Եվ իր բերնին շունչն հոտավետ է և զով.

Կուգա, սպիտակ թեթև ամպի մը հանգույն,
Ու կնայի աչքերուս մեջ շեշտակի.
“Ո՞վ ես դուն, որ անմեղության ունիս գույն”:

–“Ատեն մ’աղվոր, հզօր էի, հրեշտակի
Պես` երբ մարդոց մէջ պարզ, վճիտ էր հոգին.
Հավատքն եմ ես, դուստրը երկրի և երկնքի”:

Երրորդ մը, խրոխտ, ազնվագեղ, տրտմագին,
Իմ առջևես կանցնի համր ու կգոչեմ.
“Ո՞վ ես դուն, ո՞վ է քեզ մատներ խավարին”:

–“Ես Քերթությունն եմ, անցքիս վրայ օդաճեմ
Կսփռեր ջինջ հրճվանքներ գերագույն
Գեղեցկության, ուժթափ հիմա կդանդաչեմ

Հերձողական ստվերներու մէջ մահագույն”:
Կանցնի ուրու մը կապտաչվի. “Ո՞վ ես դու”:
–“Ես Պատրանքն եմ, կբուժեի ցավն հոգվույն”:

Կուգա ստվեր մը վարդերանգ և աղու,
Որ պատասխան կուտա հարցմանս անփոփոխ`
–“Երազն եմ ես, սրտին թռչունն երկնաչու”:

Եվ ուրիշներ ալ դեռ կուգան խուռնամբոխ,
Հեք մեռելներ, որ անցյալին վրա կողբան
Եվ որոնց կյանքն չարն ըրավ ոտնակոխ:

Բայց ահակին մը, քայլվածքով հաղթական,
Ծփուն մարմնով օձագալար ու նրբին,
Կուգա` գոռոզ ու նենգ ժպիտով մ’հեգնության:

–“Ո՞վ ես դուն”: –“Ես թագուհին եմ այս վայրին.
Միակ Ոգին եմ, որ ողջ է և որուն
Կհնազանդի հիմա սիրտը մարդկային.

Տարակույսն եմ”: –“Բայց ելքն ո՞ւր է, գթություն,
Ելքն այս սավղին ուր ամեն հույս է մեռած…”:
Ոչ մեկ ձայն ինձ պատասխանեց, և անհուն
Խավար մ’իջավ ծածկեց ամեն բան հանկարծ: