ԼԵՌԱՆ ԾԱՂԻԿ ՀԻՆ ԺԱՄԱՆԱԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Հրանդին
Ա.
Հոն, ուր ամեն բնակություն կդադրի,
Հոն, որ մարդուն կվախնա ոտքն առնել քայլ,
Երկնադրացի այն բարձությանց վրա վայրի,
Ուր արևուն կիյնան շողեր նախափայլ,
Ծնավ Արուս: Իր մայրն, աղջիկ լեռներու,
Հողին, քարին, մացառին հետ միշտ ապրած,
Ընկեր հուժկու արծիվներուն օդասլաց,
Անվախ` ժայռեն գահավեժեն ահարկու,
Ամուրանոնց պես և անոնց պես մթին,
Լեռան մը սեպ կողին վրա ապալեր,
Բացվածքին մոտ ապառաժուտ անդունդին,
Այծյամներու քով զայն աշխարհ բերած էր:
Եվ հոն, այդ չոր ամայության մեջ մաքուր,
Մեծցած էր ան, կյանքով մը կարծր ու չարքաշ,
Կյանք մը զվարթ, խաղաղ, առողջ, անփրփուր,
Ինչպես կապրին վայրի վարդերը մատղաշ:
Լեռներուն վրա իր մանկությունն անցած էր,
Իր առաջին նայվածքն երկինքն է տեսած,
Երկինքն ազատ և անշղթա իր ամպեր,
Փայտե խեղդուկ ձեղուններու փոխան ցած:
Միշտ օդին մեջ, հողին վրա, ժայռին քով,
Աղվոր մանրիկ անասունի մը նման,
Կյանք մը վարած էր լի վազքով, խոնջենքով,
Ո՛չ խանձարուր ունեցած էր, ո՛չ օրրան,
Հովերն ահեղ, մռընչելով կատաղի
Օրրած էին իր նիրհումներն առաջին:
Միշտ կիսամերկ, անհո՛գ տաքի կամ պաղի,
Չէր ճանչցած իր մարմինը բանտն հագուստին,
Կենդանիի մորթով հազիվ սքողված:
Իր ոտվըներն, բոբիկ հողին, քարի վրա,
Խոտին, ցողին մեջ էին միշտ թաթխըված,
Ու միշտ արձակ թափած մազերն իր ոսկյա:
Եվ իր հոգվույն մեջ լեռնեն բան մ’էր մտեր,
Հողի կար համ մը իր մսին մեջ ամուր.
Արծվի նայվածք մը կվառեր իր բոցեր
Աչվըներուն մեջ. խոտի հոտ մ’հեշտաբույր
Իր մազերեն կարտաշնչվեր հորդառատ.
Այտին, բերնին վրա ու լանջքին մեջ ճերմակ`
Վայրի պտուղի ու ծաղկի հյութն անարատ,
Եվ հոգվույն մեջ հովերուն խենթ ու վայրագ
Անկախությունն ու խոյանքը մոլեգին:
Կճանչնային զինքը ժայռերն ու ծառեր,
Այդ ընկերներն իր մանկական հասակին.
Անոնց քույրն էր, անոնց փոքրիկ աղջիկն էր.
Եվ ամենքը կսիրեին զանիկա.
Ծառերն, երբ ան կանցներ, մրմունջ մը հեշտին
Կարձակեին, և առվակներն արծաթյա
Կերգեին քաղցր երբ զանիկա տեսնեին:
Խոտերն անոր ոտքին ներքև գգվանքի
Կփոխվեին, և ծաղիկները փափուկ
Կուղղեին միշտ անոր ժպիտ մը ոսկի:
Բ.
Շատ հեղ կերթար, գլուխն առած, միս-մինակ,
Թևը կողով մը ու ձեռքը ցուպ մը խոշոր,
Կերթար, կերթար, ուր որ ելլեր իր դիմաց,
Չվախնալով գազաններեն ահավոր.
Մերթ կմտներ անձավներ խոր, մթամած,
Որոնց խոնավ ալքերուն մեջ անվեհեր
Կմխրճվեր թնդացնելով երգ մը խրոխտ.
Եվ եթե օձ մ’այնտեղ իրեն դեմ ելլեր,
Չէր տատաներ, իր քաջությունն անհողդողդ,
Ցուպի հարված մը, և կանցներ ու կերթար:
Գ.
Երբեմըն մոտն անուշ մաքուր մեկ առվի,
Կանգ կառներ և նստած եզերքը ոտքերն
Երկարորեն կլվար, մերթ` վիթխարի
Ծառերն ի վեր կմագլցեր մեծ ճիգով,
Մինչև կատարն, հոն ուր երկինքն է մոտիկ,
Եվ այնտեղ լայն ճյուղի մը վրա` անվըրդով
Ընկողմանած, տերևներուն խաղաղիկ
Փսփսուքին մեջ հեշտօրոր կհանգչեր:
Դ.
Գիշերները շատ անգամ ժայռ մը կընտրեր
Իրեն բազմոց, և աստղերուն դալկահար
Հառած իր բուռն ու սայրասուր նայվածքներ,
Երկար ատեն կխորհեր լուռ, մութին մեջ,
Իրեն համար անոնք ոսկի, ադամանդ
Վառ ծաղիկներ էին, միշտ թարմ ու անշեջ,
Եվ իր փափագն էր անոնցմե գեթ մեկ հատ
Փրցնել դնել իր մազերուն մեջ ծփին:
Ու գիշեր մը սարը ելավ բարձրագույն,
Կարծելով թե աստղերն անոր կհպին,
Աստղերն ուր բան մը կժպտեր իր հոգվույն:
Ե.
Իր հայրենիքն, իր տիեզերքը համբուն`
Այդ ամայի լեռն էր, որմե դուրս ելած
Չուներ երբեք: Վարն, իր դիմացը, հեռուն,
Կնշմարվեր, մշուշի մեջ սքողված,
Լայն դաշտերն ու մարգերեն ալ անդին,
Շատ, շատ հեռուն, եռուզեռում մը շփոթ,
Դիզված, խռված բաներու կույտ մը մթին.
Եվ անհանգիստ, հետաքրքիր, վարանոտ,
Կուզերգիտնալ արդյոք ինչե՛ր կան այնտեղ,
Ի՛նչ գաղտնիքներ, ի՛նչ էակներ, ի՛նչ վայրեր:
Ու գլուխն առած իր ձեռքերու մեջ կարշնեղ,
Լեռան աղջիկն երկայն ատեն կերազեր:
Զ.
Օր մը, իշխան մը դեռատի և աղվոր
Լեռան վրա որսի ելած ըլլալով,
Հանդիպեցավ Արուսին այն պահուն որ
Կուգար, զվարթ, այտերը վառ, սիրտը զով,
Ոտքը բոբիկ, ուսերն ու լանջն ամբողջ բաց,
Մազերուն մեջ վարդեր կարմիր ու ճերմակ:
Երկուքն ալ պահ մը կանգ առին զարմացած.
Արուս, ապշած, կդիտեր այն գարգմանակն.
Որ կերևար անոր փայլուն ոսկեզօծ
Գլխարկին վրա, և զգեստներն երփնագեղ,
Ուր բյուր զարդեր կդիզվեին պերճ ու հոծ,
Եվ ամեն, ինչ որ անոր վրա կար շքեղ,
Ոսկե գոտին, սուսերը մեծ, շողշողուն,
Ոլոր պեխերն ու մորուքը սրածայր.
Եվ իր հոգվույն մեջ անորոշ ու անհուն
Հանկարծ հուզում մը պայթեցավ մրըրկազայր.
Իշխանը, նուրբ դեմքով, ազնիվ արյունով,
Պալատներու մեջ միշտ ապրած սեգ տոհմիկ,
Կդիտեր, սիրտը ցնցված ու վրդով,
Առույգ աղջիկն այդ վայրի ու գեղեցիկ,
Քաղքին մեջ դեռ էակ մ’այդ կերպ տեսած չէր,
Դեռ լոկ նրբին դժգույն կույսրե էր սիրած,
Թարմ ու կարմիր հյութազեղուն այդ այտեր,
Եվ այդ մազերն որ կիյնային հորդ, անսանձ,
Ուսերուն վրա ճերմակ, կլոր, մսավետ,
Եվ մութ կապուտ աչքերը մեծ ու խորին
Ու կիսամերկ մարմնույն գիծերը վետ-վետ,
Այդ բոլորն իր սիրտը մատաղ գերեցին:
Ու Արուս, իր միամտության մեջ անմեղ,
Զայն կարծեց նոր տեսակ էակ մ’անծանոթ,
Կենդանի մը ավելի վեհ ու շքեղ,
Քան ինչ որ ինք տեսած էր, և իր շիկնոտ
Այտերուն վրա ժպիտ մ’անուշ փթթեցավ:
Իսկ իշխանը զմայլած, հուզված, կխորհեր
Թե այդ աղջիկն հողեն ելած չէր հարկավ,
Թերևս ոգի մ’որ կպահեր այդ լեռներ
Կամ հրեշտակ մ’այդտեղ իջած ման գալու:
Եվ այնպիսի տարփանքով մը անսահման
Պաշարվեցավ, որ ուզեց այդ կույսն հուժկու
Տանիլ պալատն և իրեն կին ընել զայն:
Է.
Թավշե լայն բազմոցներու վրա փափուկ,
Ոսկեճամուկ հանդերձներով պաճուճված,
Արուս հիմա դշխո մըն էր վեհաշուք,
Իր լերկ ժայռերն և իր կյանքը լեռնահած,
Իրպայքարներն, իր արշավներն ու խաղեր,
Անասունի մորթն ու խոշո ցուպը բիրտ,
Ատոնք ամբողջ թողեր էր ու հետևեր
Այդ կտրիճին, որ կախարդեր էր իր սիրտ:
Եվ իշխանը, անձ շատ մեծ և շատ հզոր,
Տեր բազմաթիվ երկրներու, անվանի
Իր քաջությամբ և աչքերովն ալ աղվոր,
Կպաշտեր զայն իբր իր հրեշտակն ու հուրի:
Եվ երջանիկ եղավ Արուս, հետզհետե
Վարժըվեցավ այդ նոր կյանքին ու սիրեց,
Զվարճացավ դիտելով իր ածաթե
Զարդեն և իր գլխուն գոհար թագը մեծ:
Հիմա անթիվ ուներ հլու նաժիշտներ,
Որ իր կամքին ստրուկ էին անձնատուր.
Ոսկի խոշոր հայլիի մեջ կդիտեր
Իր այտերուն վարդն ու բերնին բացված նուռ.
Եվ երբ ըլլար որ ձանձրույթ մը գար վրան,
Իսկույն ճարտար երաժիշտներ կփութային
Իր ոտքին տակ հնչեցընել նվագարան,
Անուշ երգով վանել թախիծն իր սրտին:
Եվ ազնվազարմ օրիորդները ոստանիկ
Կկրծվեին իրենց սաստիկ նախանձեն
Երբ տեսնեին զայն իր էրկանը քովիկ
Ճո կառքին մեջ ընկողմանած պերճորեն,
Անցնելով խրոխտ իր հրապույրովն հաղթական
Ա՛լ իր լեռները մոռցած էր, ու վայրի
Այդ արարածը հիմա մեղկ փափկության
Մեջ թաթխըված` կթուլնար օր օրի:
Ը.
Ապարանքին ետևի մեկ սենյակեն`
Հեռուն, հեռուն, հորիզոնին վրա գորշ`
Լեռներու շարք մը կերևար մշշորեն,
Շարք մը երկայն, որ կգծվեր անորոշ`
Մուխի, խունկի, ամպի գույն ու երազի.
Իրիկուն մը, Արուս մտավ դիպվածով
Այդ սենյակը` այն պահուն, ուր կտատամսի
Լույսը կյանքի ու մահվան մեջ. կրակե ծով
Մը կվառեր հեռուն երկինքը կարմիր,
Ուր արևը կտատաներ ոգեվար.
Եվ արյունի այդ հորդության վրա հրալիր`
Սև ու հստակ շրջագծերով ուրվանկար
Կտարածվեր երկար շարքը լեռներուն:
Սրտեն Արուս զարնվեցավ կարեվեր.
Հո՜ն իր լեռներ, հո՜ն իր ամբողջ մանկություն,
Հո՜ն իր բնակավայրն, հո՜ն իր վիհերն ու ժայռեր
Հո՜ն քարայրներն, հո՜ն կատարները ձյունոտ,
Հո՜ն իր վազքերը մոլեգին ու հիմար`
Արհավիրքին, վտանգին մեջ անծանոթ,
Հո՜ն իր խոշոր ծաղիկները գունավառ,
Հո՜ն ճախրասլաց թռչունները մեծ ու սև,
Հո՜ն իր բոբիկ ոտքերն ու մորթն անասնի,
Հո՜ն իր աղվոր կյանքը, չարքաշ ու թեթև:
Ու զգաց հանկարծ զարթնումն ըմբոստ, վայրենի
Իր մանկության կրակներուն, խանդերուն.
Զգաց, որ հովն ու ժայռն ու վիհն և արծվին
Կբախեին իր մեջ իրենց թևն անհուն:
Ու երբ աչքերն դարձուց շուրջն ու ծանրագին
Տեսավ իրերն, առարկանեը փաղփուն,
Կակուղ թավիշն ու բեհեզները նրբին,
Լացավ Արուս լաց մը խորեն իր հոգվույն:
Թ.
Իշխանն հիմա կզարմանար, թե հանկարծ
Ի՛նչպես Արուս փոխված, ուրիշ էր եղած,
– Ա՛լ զինքը չէր սիրեր դուստրը լեռներուն,–
Եվ թե ինչո՛ւ անոր լեցուն երեսներ
Կհալեին` օրըստօրե դալկագույն,
Քիչ հետո ան հիվանդ ինկավ անկողին,
Անխոսուկ ու մռայլ, կհատներ համրորեն,
Մնալով խուլ իր ամուսնույն աղերսին,
Չհանելով բառ մ’իր դժգույն շրթներեն:
Միայն խնդրեց, որ իր մահիճը տանին
Այն խուցն, ուրկից լեռը հեռվանց կերևար,
Եվ հոն, գաղտնի ամենքեն, երբ առանձին
Մնար, կելլեր ու կհառեր իր աչքեր
Հեռուն այն մեղմ անրջային գիծերուն:
Եվ այդպես, միշտ անձայն, իր մեջ թաղելով
Այդ սև գաղտնիքն, որ կըներ զինքը դժգույն,
Պահելով միշտ դեմք մը հանդարտ, անվրդով,
Արյունոտած հոգիի մը սուտ դիմակ,,
Առանց լալու, առան ցիր քաղցր ամուսնին
Իսկ հայտնելու ի ցավն, անդունդ անհատակ,
Միշտ ինքը իր մեջ այրելով, փակ ու լռին,
Մեռավ առտու մ’աչքերն անթարթ սևեռած
Այն ստվերոտ տարտամ կապույտ լեռներուն,
Որ առտըվան կարմրության մեջ լուսամած
Կժպտեին իրենց ժպտով մը անհուն: