ԹՈՎՄԱՍ ԹԵՐԶՅԱՆԻՆ

Եվ հիմա, որ դուն անդին անցար դռնեն խորհուրդին,
Խոհուն ու քա՛ղցըր Վարպետ, որ դրախտի մ’մեջ անգիշեր
Հոգվույն հավերժ թևածման կհավտայիր սրտագին,
Ի՞նչ տեսար, ախ, ի՞նչ գտար` երբ սուզվեցար թանձրաստվեր
Անծանոթին ծոցը պաղ… Ո՞վ, ո՞ր աստվածը գթած
Պիտի շնորհ ըներ մեզ, որ սև վերմակը հողուն
Նետելով պահ մը գլուխդ առնեիր վեր ու մթնած
Աչքերդ հեղ մ’ալ հառելով այն ժպիտո՛վըդ սիրուն,
Մեզ պատմեիր ինչ որ կա գերեզմանին սեմեն ներս:
Արդյոք իրա՞վ աչվըներդ, հազիվ գոցված երկրավոր
Արփվույն լույսին, բացվեցան լույսի մը մեջ մշտապես
Շողուն ու քաղցր ավելի քան աշխարհին մեր բոլոր
Լույսերն աղոտ. դուն գտա՞ր արդյոք սանդուխն ադամանդ,
Ու միթե հոն հրեշտակներ եկա՞ն ձեռքերդ բռնելով
Քեզ վեր հանել դեպ աշխարհն անապական, անկաշկանդ
Երջանկության ու սիրո: Ինչքա՜ն մեր խեղճ սրտին զով
Ու սփոփարար պիտ’ ըլլար գիտնալ, որ այժմ հանգչած,
Հանգիստով մը գերագույն, ստվերներուն մեջ մաքուր
Երգիչներուն մեր երկրին, հովանույն տակ լուսամած`
Տիեզերքի դյուցազներգը, հորինող գերահուր
Բանաստեղծին, կխոկաս, հեռու աղբեն, արյունեն
Այս մեր սուտի ու ջարդի երկրագունդին ապիրատ
Ու կհրճվիս նվագովն անճառ, զոր քեզ կձոնեն
Հրեղեններուն տավիղներն ու կլսես մեղրակաթ
Խոսքն ընտրված միտքերուն, որ կմեկնեն քեզ կյանքին
Գաղտնիքը` մեզ համար փակ…
Ինծ պահ մ’արդեն կթըվի
Տեսնել հույլին մեջ զքեզ անմահներու կաճառին…
Հոգիդ այլևս ազատված պատյանեն թանձր կավի,
Զերծ տաղտուկեն ու ցավեն մեր կենցաղին այս ռամիկ,
Դարձած համակ մաքրություն և ուժ, ավյուն ու ճախրանք,
Սերովբեներուն երամներն, արփաճաճանչ, վարդերանգ,
Կպաշարեն քեզ ու մեղմ երգելով քեզ կօրորեն.
Ու երկրի մեծ զավկներուն վեհ ոգիներն ալ կուգա
Դիմավորել քեզ ու քաղցըր ողջույնով մը կըսեն`
–“Բարո՛վ եկար, ո՜վ եղբայր, վարն, Երկրին մեջ տրտմության
Ու տվայտանքի, ծանրաքարշ հողի կյանքին մեջ ստոր,
Դուն գեղեցիկն զգացիր, սիրեցիր ու երգեցիր.
Դուն անցար հոն ինչպես շող մ’արփվույն ճահճին վրա պղտոր,
Աչքդ հառած երկնավոր իդեալին լուսածիր,
Դուն քու ճամփուդ վրա տղմոտ` հոգվույն վարդերն ու շուշան
Ցանեցիր ու անոնցմով պճնեցիր ձորն այս տրտում:
Երգերդ, ուր դուն թափեցիր սիրտըդ, սիրո ատրուշան.
Աստվածության անստվեր արեգակեն անպատում
Կքաղեին իրենց բոցն, ու հերշտակաց երգերեն,
Զոր հոգիդ մենության մեջ կլսեր ներքնակի
Անուշությունը իրենց: Բարո՜վ եկար: Քեզ Որ Էն
Պիտի պսակը շնորհե մեծ հանգստյան ու փառքի”:
Եվ ահա դուն, դեմն ելած Հոգիներու Հոգիին,
Պսակը լույս կընդունիս ու շրթներով գերանյութ`
Կերգես գեղոն մ’օրհնության, ա՛յնքան քաղցր ու կաթոգին,
Այնքան լեցուն հրապույրով ու թարմությամբ ծաղկահյութ,
Որ հրեշտակներն` զմայլած` քեզ կծափեն քնքշորեն,
Ու մեծ Արքան վեհությանց, դաշնակությանց, զորությանց,
Գորովագին կժպտի… Ավա՜ղ, ըսե՛ թե խորեն
Ծնած սուգին` ասիկա չէ լոկ երազ մը վաղանց.
Երևեցի՛ր մեզ, զերթ երբեմն Էմմավուսին մեջ նախկին`
Հիսուս տրտմած իր հոտին: Խոսե՛, վարպետ, մես ըսե՛,
Ապահովե՛, հաստատե՛ թե Բուրաստանն այդ վերին
Կա՛ արդարև` իր անճառ ծաղիկներովը լույսե,
Օդով իր միշտ գարնային, կանաչներովն անթառամ
Ու մշտաջինջ երկնքով: Ըսե՛ թե Չարն ու Խավար
Հավիտյանեն ի վեր հոն չեն մտած ոչ մեկ անգամ,
Թե անոնք, որ աշխարհիս վրա տանջվեցան չարաչար,
Զոհ ոճիրին կամ ազնիվ երազներու նահատակ,
Արդարներն ու մաքուրներն, անձնվերներն ու քաջեր,
Այնտեղ ընդմիշտ մոռնալով ցավի ամեն հիշատակ,
Խաղաղ ու դաշըն կյանքով մ’ուր ալ մարմնո պիղծ տենչեր
Ի սպառ մարած են, կապրին ծոցն հանգստյան մ’անվրդով,
Կյանք մտավոր հեշտանքի, ուր Աղբյուրն իսկ գոյության
Եվ պատճառն ու նպատակն ալ անսքող աչքերով
Կնշմարեն, կըմբռնեն, ու ցնծալիր կարբենան
Գեղեցկության գերագույն հայեցումովն հոգեզմայլ,
Եվ Աստուծո գործակից կըլլան գործին մեջ հզոր,
Ով կվարե Համասփյուռ կյանքին գաղտնիքը մռայլ`
Արդարության ու սիրո դեպի նպատակ մ’հեռավոր,
Զո՛ւր կոչ, ունա՜յն աղերսանք… Մեր ու քու մեջ լռությանց
Լռություն է` որ կանգուն` կքարանա անողոք:
Շիրիմն անխոս է, մահուն դիմակն հավերժ անթափանց,
Մենք կմնանք շվարած, անձկության մեջ ծնկաչոք,
Խոցված, մոլոր ու վհատ, ցանկանալով հին Բնազդին
Հավտալ անուշ, կազդուրիչ երազին այն միամիտ,
Բայց անկարող: Եվ ահա մտածման ձայնը ցրտին
Մեր վիրավոր սրտին վրակհնչե` կուռ ու վճիտ.
“Այն զոր կողբաք, լրացուց իր դերն, և այժմ անզգած
Ծրար մըն է լոկ նյութի: Մարմինն անոր ծոցն հողուն
Պիտի լուծվի ու տարրերն` հազար նոր ձև զգեցած`
Նոր կյանքերու պիտի մաս դառնան Բնության մեջ անհուն:
Անհատին կյանքն անցավոր, ամբողջությունն է անմահ:
Կյանքը մեկ է և անվերջ, իր ձևերն են այլազան
Ու վաղանցուկ: Ուժ մը կա, ամենակալ, բարձրագահ,
Տիեզերքինմեջ տիրող, խորհրդավոր, անսահման,
Անմեկնելի: Ան երբեք չի՛ սխալիր: Ամեն ինչ
Ան հորինած ու լարած է օրենքով մ’անհեղլի.
Դաշնակությամբ մ’անայլայլ, ուր մութը հոն, լույսը ջինջ
Անհըրաժեշտ են նույնքան: Աշխարհըս չէ լոկ Չարի
Հանդիսարան. կան մաքուր հոն հոգիներ ինչպես այն
Զոր կողբաք դուք: Ցավը պետք է մարդկային հոգիին
Մաքրագործմանը համար: Անփառունակ և ունայն
Պիտի ըլլար կյանքն առանց ընդդեմ Չարի պայքարին:
Լացե՛ք, զի դառն է զատվիլ մեծ հոգիե մը սիրված.
Բայց մի՛ ի զուրակնապիշ երկինքն ի վեր սպասեք
Վերերևմանը անոր, որ աչքն ընդմիշտ է փակած:
Ան ա՛լ իր գործն ավարտեց և իր պայծառ ճակտին սեգ`
Հոս իսկ արդեն ստացավ պսակն իր սուրբ վաստակին:
Վարձքըն արդարին մարտիրոս` իր վեհ ցավն իսկ է արի,
Եվ հանճարի՛նը` հանճարն, անշեջ լույսովն իր խորին:
Ան, զոր կողբաք` անթառամ կյանքով մը միշտ պիտ’ ապրի
Իր երգերուն մեջ աղվոր. հո՛ն է, հո՛ն է իր հոգին”: