ՏԱՂ

Անո՛ւշիկ աղջիկ, քեզ կգտնեմ ամեն տեղ.
Երբ գիշերանց հառեմ աչքերս աստղերուն,
Ա՛յնքան ջինջ են, ա՛յնպես քնքուշ ու անմեղ,
Որ կկարծեմ անոնց լույսին մեջ սիրուն
Տեսնել նայվածքդ բյուրեղ:

Ծառերու տակ երբ որ ելլեմ իրիկվան
Ման գալ անունդ հիմարաբար կրկնելով,
Այն փայփայիչ նվագն աղվոր խոլական,
Զոր ոստերուն մեջեն կ’երգե սյուքը զով,
Ինձ կթվի ձայնդ աննման:

Առավոտուն, երբ երկնքին մեջ վճիտ
Պատուհանես դիտեմ ծնունդն արեգին,
Զեփյուռը, շունչ Արշալույսին վարդաժպիտ,
Որ իմ մազերս կուգա շոյել մեղմագին,
Կուտա սարսուռն համբույրիդ: