Անձայն և աղվոր զերդ աստղ ու ծաղիկ

Անձայն և աղվոր զերդ աստղ ու ծաղիկ,
Բոլոր հրապույներդ կերգեն լռելյայն:
Հոգիս կունկնդրե անոնց նվագը լայն,
Մերթ բուռն ու տենդոտ, մերթ ջինջ, խաղաղիկ:

Բուրումներու նուրբ երգը թափանցիկ
Կդայլայլեն ճոխ մազերդ դեղձան.
Ճակատդ երազուն` քնքուշ գթության
Կ’երգե տաղն աղու և մելամաղձիկ:

Երկնաշող աչքերդ հուշիկ կհծծեն
Քաղցր անուրջներուն գեղոնն հրեղեն.
Ծոծրակըդ շուշան` ծարավն հեշտանքին.

Շրթունքդ` համբույրին տենչը վարդագույն.
Ու լանջքդ` թաքուն` կմնչե լռին,
Կարոտն անվախճան փայփայանքներուն: