ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Արշակ Չոպանյան
(1872- 1954)

Արշակ Հովհաննեսի Չոպանյանը ծնվել է 1872 թվականի հուլիսի 15-ին Կ. Պոլսում, մահացել է 1954 թվականի հունիսի 8-ին Փարիզում: Գրող, քննադատ, բանասեր, լրագրող, հասարակական գործիչ: Սովորել է Կ. Պոլսի Մքրուհյան դպրոցում, ապա՝ Կեդրոնական վարժարանում: Աշխատակցել է "Արևելք", "Մասիս", "Հայրենիք" պարբերականներին: 1895-ին սկսել է "Ծաղիկ" հանդեսի հրատարակությունը, լույս է ընծայել մի քանի համար և ահաբեկված համիդյան բռնություններից՝ նույն տարում փախչելով՝ հաստատվել է Փարիզում, ուր և անցկացրել է իր հետագա ամբողջ կյանքը:

1898-1911 և 1929-1949 թթ. հրատարակել է հայտնի "Անահիտ" հանդեսը: Հասարակական, լրագրական-հրատարակչական աշխատանքներին զուգընթաց զբաղվել է արվեստի, բանասիրության, գրականագիտության և գրաքննադատության հարցերով, հրապարակախոսությամբ, գրել է արձակ ու չափածո գեղարվեստական գործեր, կատարել է թարգմանություններ:

Առանձնակի նշանակություն ունի Չոպանյանի քննադատական և գիտական բանասիրական գործունեությունը: Նա նորովի է մեկնաբանել հայ գրականության շատ երևույթներ: Հրատարակել է "Նահապետ Քուչակի դիւանը" 1902-ին, "Նաղաշ Հովնաթան աշուղը և Հովնաթան Հովանթանեան նկարիչը" 1910-ին, "Հայ էջեր" 1912-ին, "Հայրեններու բուրաստանը" 1940-ին և այլ ուսուսմնասիրություններ: Կազմել և լույս է ընծայել Պ. Դուրյանի (1894) և Մ. Պեշիկթաշլյանի (1907) երկերը, որոնց նվիրել է նաև ուսումնասիրություններ: Առաջինն է Գրիգոր Նարեկացու ժառանգությունը վերլուծել որպես գեղարվեստական ստեղծագործություն և նրան դրել համաշխարհային գրականության հսկաների կողքին: Անդրադարձել է գրական նոր երևույթներին՝ հաճախ առաջինը տալով դրանց հեղինակների (Վ. Թեքեյան, Սիամանթո, Դ. Վարուժան, Ե. Չարենց, Մ. Զարիֆյան և ուր.) ստեղծագործական ինքնատիպության բնութագիրը: Հոդվածներ է նվիրել նաև արվմտաևրոպական և ռուս գրողներին: Մեծ աշխատանք է կատարել հայ գրականությունը Եվրոպայում ներկայացնելու և Հայ դատը պաշտպանելու ուղղությամբ: Թարգմանել ու ֆրանսերեն հրատարակել է հին և նոր շրջանի հայ բանաստեղծների գործերից, որոնք ամփոփվել են "Վարդենիք Հայաստանի" (հ. 1-3, 1918-29) ժողովածուում: