ՄԿՆԵՐԻ ԺՈՂՈՎԸ

Սով էր, սով էր մկստան,
Կատվի ձեռքից լկստան
Գզիրն ընկավ դռնեդո´ւռ
Էլ չթողեց տուն-կտուր
Ջահել ահել գեղովի,
Կանչեց , բերեց ժողովի՝
Թէ ինչ անեն, որ կատվեն
Մի հնարքով ազատվեն :
Եկան գյուղի ջոջերը
Երկար բարակ պոչերը,
Մասնակցեցին խորհրդին,
Մի մուկ խոսեց իր հերթին,
-Լսե´ ք, մկներ, ցեղակից ,
Չունեմ որդի, կողակից,
Ես մի անտեր ծերուկ եմ,
Բայց պատվավոր մի մուկ եմ.
Պակսեց ուժը իմ ոտի ,
Պէտք է մեռնեմ անոթի
Սովն է չոքել դռանը,
Ախ , մռռանը, մռռանը ,
Վեր է ընկել, մառանը ,
Ինչքան ասես նազ անի ,
Ստից սատկի, տազ անի,
Մուկ տեսնելիս, վազ անի ,
Գլխից բռնի, կախ անի,
Թաթովը տա, խաղ անի ,
Ուտի , քեֆը չաղ անի ,
Էսպես զուլում ու կրակ ,
Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ:
Բայց թե ազնիվ մեր ցեղը
Կորչելու չէ զուր տեղը...
Ա՜յ բերել եմ ես մի զանգ ,
Ծափ , ծլնգոց,
Մեջը զնգոց.
Կատվի վզից մենք կախ տանք,
Որ ինչքան էլ օրորա ,
Որ ինչքան էլ շորորա ,
Ստից սատկի, տազ անի,
Գալն իմանանք գազանի :
Է ´, զանգը ո՞վ կախ անի.
-Ալո դո´ ւ:
-Ալո՞ն տանի:
-Բալո դո´ւ :
- Բալո՞ն կախէ:
-Չստո, դո´ ւ:
-Չստոն կաղ է :
-Մստո , դո ´ւ:
-Մստոն կարճ է:
-Փստո, դո´ ւ:
-Էդ էլ խի՞ղճ է:
-Համբօ , դո ´ւ:
-Ես տկար եմ:
-Չամբո , դո´ ւ:
-Ասենք տարա,
Բա որ կատուն գա ինձ վրա՞ :
-Բտոն , Խտոն թող մեկից
Բռնեն կատվի քամակից :
-Ի՞նչ է խոսում չոր գանգը,
Լավ է դու տար էդ զանգը,
Էլ ի՞նչ Բտո , ի՞նչ ֆստան,-
Ճստաց Բտոն ճստճստան :
-Լռի´, հանդուգն
Կոտորվե´ք դուք ,,
Վախկոտներիդ ես թաղեմ,
Ճա՞ռ ասեմ, թէ՞ զանգ կախեմ,-
Գոչեց ջոջը,
Քաշեց պոչը: