ԱՌԱՋԻՆ ՍՈՒՐԱՀ

Եւ քարաւանը Աբու-Լալայի` աղբիւրի նման մեղմ կարկաչելով`
Քայլում էր հանգիստ, նիրհած գիշերով, հնչուն զանգերի անոյշ ղօղանջով:

Հաւասար քայլով չափում էր ճամբան այն քարաւանը ոլոր ու մոլոր,
Եւ ղօղանջները ծորում քաղցրալուր` ողողում էին դաշտերը անդորր:

Մեղմ փափկութեան մեջ Բաղդադն էր նիրհում ջեննաթի շքեղ, վառ երազներով,
Գիւլստաններում բլբուլն էր երգում գազելներն անոյշ` սիրոյ արցունքով

Շատրուանները քրքջում էին պայծառ ծիծաղով ադամանդեղէն,
Բոյր ու համբոյր էր խնկարկւում չորս կողմ խալիֆաների քէօշից լուսեղէն:

Գոհար աստղերի քարաւանները թափառում էին երկնի ճամբէքով,
Եւ ղօղանջում էր ողջ երկինքն անհուն աստղերի շքեղ, անշէջ դաշնակով:

Մեխակի բոյրով հովն էր շշնջում հեքիաթներն հազար ու մի գիշերուայ,
Արմաւն ու նոճին անոյշ քնի մեջ օրօրւում էին ճամբէքի վրայ:

Եւ քարավանը` օրօր ու շօրօր զնգում էր առաջ ու ետ չէր նայում.
Անհայտ ուղին էր Աբու-Լալային բիւր հրապոյրով կանչում, փայփայում:

-Գնա՛, միշտ գնա՛, իմ քարաւանս, եւ քայլի՛ր մինչեւ օրերիս վերջը,-
Այսպես էր խօսում իր սրտի խորքում Աբու Մահարին, մեծ բանաստեղծը:

-Գնա՛ մենաւոր վայրերը թափուր, ազատ, կոյս եւ սուրբ զմրուխտեայ հեռուն.
Դէպի արեւը սլացի՛ր անդուլ, եւ սիրտս այրիր արեւի սրտում:

Ա՛խ, մնաք բարեւ չեմ ասում ես ձեզ, իմ հօր գերեզման, օրոցք մայրական,
Իմ հոգին յաւերժ խռով է ձեզ հետ, հայրենական յարկ, յուշեր մանկական:

Ես շատ սիրեցի իմ ընկերներին, եւ բոլոր մարդկանց մօտիկ ու հեռու,
Իժ դարձաւ խայթող իմ սէրը հիմա, թոյն-ատելութեամբ սիրտըս է եռում:

Ատում եմ, ինչ որ սիրել եմ առաջ, ինչ որ տեսել եմ մարդկային հոգում.
Մարդկային հոգում` զազիր ու նանիր` համրել եմ հազար գարշանք ու նողկում:

Բայց ամէնից շատ ատում եմ հազար ու մէկերորդը - կեղծիքը հոգու,
Որ զարդարում է անմեղ սրբերի լուսապսակով երեսը մարդու:

Մարդկայի լեզու, դու որ երկնային բոյրով ու թոյրով, շղարշով պայծառ
Ծածկում ես մարդու դժողքը հոգու, ոգե՞լ ես արդեօք ճշմարիտ մի բառ:

Իմ սէգ քարաւան, գնա՛, մխրուճի՛ր անապատի մէջ` վայրի ու բոցոտ,
Եւ իջեւանիր այն պղնձացած, շէկ ժայռերի տակ, գազանների մօտ:

Խփե՛մ վրանըս, օձ-կարիճների բըների գլխին վրանըս խփեմ,
Այնտեղ բիւր անգամ ես ապահով եմ, քան թէ մարդկանց մօտ կեղծ ու ժպտադէմ:

Քան ընկերների մօտ, ա՜խ, որի կրծքին դնում էի գլուխըս սիրով,
Կուրծքը ընկերի, որ շղարշում է անդարձ կորստի անդունդը ստով:

Այնքան ժամանակ, որքան արեւը կ’այրէ Սինայի սնարները վէս
Եւ անապատի դեղին շեղջերը յորձանքներ կը տան ալիքների պէս,-

Ես չեմ կամենայ ողջունել մարդկանց, նրանց սեղանից պատառ չեմ կտրի,
Գազանների մօտ հացի կը նստեմ, ողջոյնը կ’առնեմ բորենիների:

Եւ գազանները թող ինձ յօշոտեն, վայրագ հողմերը շաչեն ինձ վրայ,
Եւ այսպէս, մինչէւ օրերիս վերջը քարաւանս անդարձ գնա՛ ու գնա՜:
Եւ վերջին անգամ Աբու Մահարին ետ դարձաւ նայեց նիրհած Բաղդադին,
Գարշանքով շրջեց ճակատը կնճռոտ եւ փարուեց ուղտի տաւ պարանոցին:

Սիրով գուրգուրեց, ջերմ շրթունքներով համբուրեց ուղտի աչքերը վճիտ.
Եւ թարթիչներից նրա կախուեցին անզուսպ արցունքի երկու այրող շիթ:

Անոյշ մրմունջով, նիրհած դաշտերով մեղմ օրօրւմ եր ձիգ քարաւանը,
Գնում էր առաջ, դէպի անապատ, անյայտ ափերը, կոյս-հեռաստանը: