ՉՈՐՐՈՐԴ ՍՈՒՐԱՀ

Գիշերն ահարկու` ե՛ւ սեւ, ե՛ւ հսկայ մի չղջիկի պէս թեւերը փռեց,
Անծիր թեւերը իջան, ծածկեցին քարաւանն, ուղին եւ դաշտերն անափ:

Եւ հորիզունից մինչեւ հորիցոն երկինքը լցուեց մռայլ ամպերով.
Չէին շողշողում լուսինն ու աստղեր. խաւարն` ասես թէ` պատած խաւարով:

Եւ հողմերն ահեղ` նժոյգների պէս` սանձարձակ, վայրի արշաւում էին,
Յորձանքներ տալով, եւ հողն ու փոշին այրուած դաշտերից խառնում ամպերին:

Ե՛ւ մահասարսուռ շառաչում էին, ե՛վ աղաղակում հազար ձայներով,
Ասես, վիրաւոր գազաններ էին, մռնչում-ոռնում հողմի բերանով:

Նեղ ձորերի մէջ գալարւում էին եւ արմաւենու անտառներում կոյս
Հեծեծում էին հողմերը տխուր, որպէս թե` մի սիրտ լաց լինէր անյոյս:

-Գնա՛, քարաւա՜ն, հողմերի դիմաց աննկուն քայլիր աշխարհի եզրը.-
Այսպես էր խօսում իր սրտի խորքում Աբու-Մահարին, մեծ բանաստեղծը:

-Շաչեցէ՛ք գլխիս, ամեհի հեղմեր, դո՛ւք, մրրիկնե՛ր, պայթեցէ՛ք գլխիս,
Ես բաց ճակատով ձեր դէմն եմ կանգնած, ես վախեցող չեմ, զարկեցէ՛ք ճակտիս:

Ես ետ չեմ դառնայ ժանտ քաղաքները, ուր բազմաժխոր կրքերն են եռում,
Ոստաններն արեան, ուր մարդը դաժան իր նմաններին է միշտ պատառում:

Ի՛մ անտուն գլուխ, տուն չես դառնայ դու, ինքնդ մարեցիր երդըդ հայրենի,
Վա՜յ նրան, ով որ տուն ու տեղ ունի, կապուած է շան պէս իրեն տան շեմին:

Արշաւէ՛ք հողմեր, իմ հօր տան վերայ, քանդէ՛ք, աւերէ՛ք հիմերը նրա,
Եւ փոշին ցրէ՛ք մեծ աշխարհով մէկ,- անծայր ճամբան է իմ տունը հիմա:

Մենակութիւնն է իմ սէրը հիմա, երկինքն աստղաբիբ – վրանս հայրական,
Եւ քարաւանն է ընկերս հիմա, եւ իմ հանգիստը` ուղիս անկայան:

Դո՛ւ, կախարդ ուղի, յաւիտեան անյայտ, յաւիտեան դիւթող իմ նոր հայրենիք,
Տա՛ր ինձ, իմ սիրտը` յաւիտեան յացող` այնտեղ, ուր բնաւ չեն եղել մարդիկ:

Մարդկանց մօտ պէտք է աչալուրջ լինես, միշտ ոտքի վրայ եւ սուրը` ձեռքիդ,
Որ քեզ չլլկեն, քեզ չյօշոտեն թէ՛ բարեկամըդ եւ թէ՛ թշնամիդ:

Բարեկամներից հեռու տա՛ր դու ինձ, որոնք անկշտում մժղուկների պէս
Հետեւում են քեզ, երբ արիւն ունես, իսկ երբ ցամաքես` կը մոռանան քեզ:

Իմ խոր վէրքերը ո՞վ կը նիւթէր ինձ, թէ չլինեին ընկեր, բարեկամ,
Որոնք համբոյրով սիրտս բացեցին, որոնք համբոյրով խայթեցին նրան:

Բիւր կեղծիք ունի իր ակունքի մէջ համբոյրը մարդկանց, համբոյրն ընկերի,
Որով որսում է գաղտնիքը սրտիդ եւ դարձնում է քեզ յաւիտեան գերի:

Ի՞նչ է ընկերը եւ բարեկամը` նենգ ու դրուժան, չարակամ ու վատ:
Իր հոգում մեռաւ սիրոյ մի երկինք, մի վառ արեգակ, ե՛ւ սէր, ե՛ւ հաւատ:

Բարեկամն ի՞նչ է – լաւիդ նախանձող, քայլիդ խուզարկու, բամբասող, ագահ.
Ծանօթ շները չեն հաչում վրադ, ծանօթ մարդիկ են հաչում քո վրայ:-

Հողմերն անհեթեթ ջինների նման` Աբու-Լալայի խոժոռուն դէմքին
Քրքջում էին, ծափ տալիս, ծաղրում եւ ապարօշից քաշքշում ուժգին:

Եւ քղանցքներից կախ էին ընկնում, եւ աչքերի մէջ Աբու-Լալայի
Շաղ էին տալիս բուռերով փոշի եւ կտրում թելը նրա խոհերի: