ՎԵՑԵՐՈՐԴ ՍՈՒՐԱՀ

Եւ միջօրէի բարկ արեւի տակ խիստ բուրում էին նարճիս ու ծոթոր,
Եւ քարաւանը փոշու մէջ կորած` քայլում էր դանդաղ, յոգնած, քրտնաթոր:

-Թռի՛ր, քարաւան, խորշակ ու մրրիկ ճեղքելով մտիր աւազի ծոցը.-
Այսպէս էր խօսում զայրացած սրտում Աբու Մահարին, մեծ բանաստեղծը:

-Թող անապատի բոց հողմն իմ դէմ գայ, աւազի վրայից հետքերս ջնջէ,
Որ մարդը երբեք տեղս չգտնի, իմ շնչած օդը մարդը չշնչէ:

Տեսնում եմ ահա շէկ առիւծներին` դեղին շեղջերից աչքս են նայում,
Տեսնում եմ նրանց, որոնց ոսկեղէն բաշերից հողմը կայծեր է պոկում:

Արի՛ք, կանչում եմ, ես փախչողը չեմ. արի՜ք, լափեցե՛ք սիրտս վիրաւոր,
Ես ետ չեմ դառնայ մարդու մօտ երբեք, դուռը չեմ բախի մարդու նենգաւոր:

Մարդիկ ի՞նչ են որ… դիմակւած դեւեր, ժանիքներ ունեն, անտես ճիրաններ,
Սմբակներ ունեն եւ որոճող են, եւ նրանց լեզուն` թունաւոր սուսեր:

Եւ ո՞ւ են մարդիկ... աղուէսների հօտ, եսամոլ անհուն, ուրացող, մատնիչ,
Անկումիդ ուրախ, արիւններ լակող, գազան մանկասպան, եւ դահի՛ճ, դահի՛ճ:

Աղքատութեան մէջ` քծնի, վաճառուող, թշուառութեան մէջ` վախկոտ, դաւաճան,
Հարստութեան մէջ` լկտի, չարախինդ, ե՛ւ վրիժառու, ե՛ւ անպարտաւան:

Զոհւում է լաւը վատերի համար, եւ վատն ու չարւ լլկում են, տանջում,
Մի բուռ լաւերին այս վատ աշխարհում, եւ կեանքի արտում որոմն է աճում:

Նզովում եմ ձեզ, հեռաւո՛ր մարդիկ, ձեր չարն ու բարին, կրօնները ձեր,
Որոնք միմիայն շղթայ են կռում եւ ստրկութեան կոփում զնդաններ:

Ապիրատ աշխարհ, ուր հզօր ոսկին դարձնում է գողին` ազնիւ բարեյոյս,
Ապուշին` հանճար, վախկոտին` կտրիճ, տգեղին` չքնաղ եւ պոռնիկին` կոյս:

Մարդկային աշխարհ, արեան բաղնիք, ուր թոյլն` յանցաւոր եւ հզօրն` արդար,
Ուր մարդը տխեղծ` ինչ որ անում է այս գարշ աշխարհում` սոսկ նիւթի համար:

Սոսկ շահի համար, շահին միշտ գերի, աստուածացնող թաթը եղեռնի,
Ահա մարդը միշտ – պատկերն Աստծու, սակայն իրապես վիժուածք շէյթանի:

Համրելով մէկ-մէկ անթիւ քայլերը իմ քարաւանի, իմ անծայր ճամբու,
Անթիւ քայլերը չեն հասնում չափին մի օրում գործած յանցանքին մարդու:

Ասում եմ ահա ե՛ւ արեւելքին, հիւսիս, հարաւին, ե՛ւ արեւմուտքին,
Որոնց հողմերը իրար հետ ներհակ` լսում են մէկտեղ իմ արդար խօսքին:

Տարէ՛ք, տարփողէ՛ք խօսքս հրեղեն, որ ծովերից ծով աշխարհներ լսեն,
Թէ աւելի վատ, աւելի զազիր` քան մարդը դաժան – այդ մարդն է նորէն:

Այդքան ժամանակ, որքան աստղերը անշէջ թարթում են լուռ անապատին,
Եւ գալարւում են շեղջերն աւազի, շչում ու ճչում նման օձերին –

Փախի՛ր, քարաւան, այդ պոռնկութեան լպիրշ ու արբշիռ ցոփ խնջոյքներից,
Կեղծի, կեղեքման հրապարակներից եւ վաճառանքի պիղծ շուկաներից:

Համայնքից փախի՛ր, փախի՛ր վրէժից, մարդկանց արիւնոտ արդարութիւնից,
Փախի՛ր կնոջից, սիրուց, ընկերից, շնչահեղձ փախի՛ր մարդու ստուերից:

Գնա՛, քարաւան, ներբաններիդ տակ տրորիր, կոխիր օրէնք, իրաւունք,
Եւ ուղիներդ փոշիով ծածկիր թէ՛ չարն ու բարին, թէ՛ իշխանութիւն:

Եւ թող յօշոտեն ինձ վագր ու առիւծ, բոցոտ հողմերը շաչեն ինձ վրայ,-
Եւ այպսէս, մինչէւ օրերիս վերջը, քարաւանս անդարձ, գնա՛ ու գնա՛…

Իրենց աղեղի պարանոցները` ուղտերը լարած նետերի նման,
Զիլ վազում էին, եւ իրենց հետքից թողնելով փոշու անծայր քարաւան:

Զիլ վազում էին խանձուած դաշտերով դէպի անյայտը, դէպի հեռաստան,
Սքօղում էին հողի թուխպերով անծիր դաշտերը, աւան ու ոստան:

Կարծես` վախեցած փախչում էր արագ` առանց հանգրուան, Աբու Մահարին,
Կարծես օրէնքը, կինն ու համայնքը նրան կրընկոխ հետեւում էին:

Եւ քարաւանը զրընգ, սրընթաց, առանց նայելու անցնում էր անդարձ
Բուրգերի տակով մեծ քաղաքների` հացի ու կրքի ժխորով լցուած:

Վազում էր հապճեպ` անգիտութեան մեջ դարեր քարացած գիւղերի մօտով,
Վազում էր, սուզւում հեռուների մէջ` ոսկեհոս աստղի անզուսպ կարօտով:

Քարաւանն հեստոտ օրեր-գիշերներ լափում էր ուղին ոլոր ու մոլոր,
Եւ խռով հոգով Աբու Մահարին խորհում էր ցասկոտ` ճակատը խոլոր:

Խոլ քարաւանը նրա խոհերի` բազէների պէս ծեծկուած մրրկով,
Սլանում էին` խռիւ ու ցրիւ` մի լոյս-հանգրուան գտնելու հեւքով:

Եւ լալիս էր նա առանց արցումքի, եւ նրա վիշտը նման անհունի,
Ինչպէս իր ուղին, որ գալարւում է` անծայր օձի պէս, եւ վախճան չունի:

Եւ ետ չէր նայում անցած ճամբէքին եւ չէր ափսոսում թողած, անցածին.
Ողջոյն չէր վերցնում, ողջոյն չէր տալիս եկող ու անցնող քարաւաններին: