ՀԱՑԻՆ ԵՐԳԸ 19. ԿԱԼԵՐ


Կալերու մեջ ես կը նըստիմ իմ երազուն
Հովանիին տակ էշիս`
Որ քովս սա կոճղին կապած` կը շըփե
Աղու ծընոտը ուսիս:

Տափաստանին վըրա, խաղաղ, կը փըռվի
Ճերմակ ալիք մ'արևու`
Որուն մեջ լյուղ կու գան դեզերն, և կըրիան
Եկեր է հոն տաքնալու:

Թևը հովին, ծանրացած գաղջ բույրերով,
Հազիվ ծույլ ծույլ կը շարժի:
Կովին ըստվերը փառահեղ լույսին վրա`
Սև կարկըտան մ'է լայնշի:

Շինականն իր կահն ու կազմածը բերած`
Հոն հիմներ է նո՜ր գյուղակ…
Հեռուն` լըքված իր մամռապատ շեմին վրա
Կը հըսկե գամփռը մինակ:

Կալերուն մեջ դեզը` ծեփված արևով`
Կարծես տընակ մ'է ոսկի:
Տերևախիտ ծառին զով շուքը կ'ըլլա
Առագաստ մը նոր հարսի:

Ու ես նըստած հովանիին տակ էշիս
Կ'երգեմ քաջերը հողին`
Որոնք մանգաղն հազիվ կախած պատն ի վար`
Կը կըրթեն ցուլը` կամին:

Կ'երգեմ հոտաղն` որ կը հարթե կալատեղ
Լողքարի՛ն զինքը լըծած,
Մինչ քըրտինքով կը թըրջըվի շապիկն իր
Կուրծքին վըրա` պատըռտած:

Կ'երգեմ հարսերն` որ հինան դեռ մատերնուն`
Կը մաղեն ժիր ժիր գարի.
Կը թափթըփին իրենց մաղին ծակերեն
Կարծես շիթեր գոհարի:

Կ'երգեմ մշակներն` որ սայլերուն կատարին
Աստվածներու պես կանգուն`
Երկժանիով կատաղորեն կը քանդեն
Ճակատն հըսկա դեզերուն:

Կա՜մը կ'երգեմ` որ կը նավե շուրջն հունձքին
Իբրև հրագույն լիճի վրա,
Հետո ցորե՜նն աշխարհածուփ` որ արդեն
Հարդերուն մեջ կը լողա:

Օ՛, ի՜նչ քաղցր է երթալ խառնվիլ էությամբ
Այդ սըրբագույն վաստակին.
Տըրեխներեդ մինչև մազերդ համակվիլ
Մըղեղներուն մեջ դեզին:

Փուռի կայծի՜ն, դաշտի հացի՜ն ի խնդիր
Ըլլալ Պա՜նը կալերուն,
Վերադարձնել ջաղացքներուն սըրտին մեջ
Իրենց երգերը անհուն: