Կամ կը քըշեմ
վաղվան հույսով`
Արևն առած
ճակտիս վըրա:
Հորիզոնը,
անհուն լույսով
Իմ աչերուս
մեջ կը լողա:
– Դարձի՛ր կամըս,
արագ դարձիր,
հիռ, հիռ.
Նվաճե դեզերը
հունձքերուս,
ժիր ժիր:–
Կը թըռչըտի
շուրջը կալին
Իշամեղուն,
բռնկած գոհար,
Ու թափ տալով
խըռպոտ տաղին`
Լըծկանն առաջ
կը մըղե հաչ:
– Դարձի՛ր կամըս,
արագ դարձիր,
հիռ, հիռ.
Քանդե պըսակն
որաներուն,
ժիր, ժիր:–
Վարոցըս սուր,
հըսկա մասուր,
Հոտված` սըրտեն
անտառներուն
Իմ ծույլ եզիս
կողեն հաստույր
Մերթ կը քաղե
կաթիլ մ'արյուն:
– Դարձի՛ր կամըս,
արագ դարձիր,
հիռ, հիռ.
Խուզե հասկին
բոց մորուքը,
ժիր, ժիր:–
Հորձանքին
մեջ աշխետ
հունձքին
Ես կը լողամ
երգերուս հետ.
Մըղեղներուն
հետ միասին
Կ'ըմպեմ խարին
հոտն ափավետ:
– Դարձի՛ր կամըս,
արագ դարձիր,
հիռ, հիռ.
Կույս հատիկին
պատռե քողը,
ժիր, ժիր:–
Ի՜նչ փույթ
քաղցած ըլլան
եզներ,
Ու մըշակներն
ալ` ծարավի.
Խոտն է կանանչ
ձորին մեջ
դեռ,
Թան աղբյուրին
մեջ կը պաղի:
– Դարձի՛ր կամըս,
արագ դարձիր,
հիռ, հիռ.
Հասկին սըրտեն
սուտակ թափե,
ժիր, ժիր:–
Զուր տեղը
չէր, կա՛մս
աղվոր,
Որ օծեցի քեզ
կուպրերով,
Զինեցի պորտըդ
սևավոր
Կայծքարե սուր
ակռաներով:
– Դարձի՛ր կամըս,
արագ դարձիր,
հիռ, հիռ.
Կըրծե հարդին
ոսկիները,
ժիր, ժիր:–
Ցորե՜նն ահա,
ցորե՜նն ահա,
Մըշուշին մեջ
մըղեղներուն,
Անհունորե՜ն
կ'արշալույսնա:
…Զվարթությո՜ւն
խըրճիթներուն:
– Կեցի՛ր կամըս,
ա՛լ կեցիր
դուն,
Խաղաղությո՜ւն
խըրճիթներուն…