Իրիկվան
մեջ հովերն
հևուն
Երբ դուրս
կ'ելլեն քարայրներեն`
Մեկ ծայրեն
մյուսը կալերուն
Ա՛լ կամնըված
հունձքը կ'երնեն`
Հըծծելով երգն
Աշխատության.
–Երնե՛, էրան,
երնե՛, էրան.
Հարդը քեզի,
մեզի ցորյան:–
Հարս ու աղջիկ,
պարմանիներ,
(Ժըպտուն վարդեր
մասուրի քով)
Իրենց ձեռքին
հոսելիներ
Կը ճեղքեն
թեղն, հույսերու
բով.
Ու կը պոռթկա
երգն հաղթական.
–Երնե՛, էրան,
երնե՛, էրան.
Հարդը քեզի,
մեզի ցորյան:–
Ժիր շարքերուն
մեջ ի՜նչ խուճապ
Ելլող իջնող
բազուկներու…
Հեղեղներ են`
որ հապշտապ
Վեր կը նետվին`
սաթ տեղալու.
Ու կ'եռա երգն
ալետատան.
–Երնե՛, էրան,
երնե՛, էրան.
Հարդը քեզի,
մեզի ցորյան:–
Հովեր կ'անցնին,
խարտիշահեր,
Թողլով որ
վա՛րը երկարին
Հարդգողի լույս
ճանապարհներ`
Ու սարյակներ
կը թափառին`
Սուլելով երգը
ցընծության.
–Երնե՛, էրան,
երնե՛, էրան.
Հարդը քեզի,
մեզի ցորյան:–
Ուսերե վեր
ի՜նչ փոթորիկ,
Ի՜նչ փաղփումներ
մազերու մեջ…
Ցորենին հետ,
հատիկ հատիկ,
Կը թափի ցողն
իրիկվան գեջ:
Ու կ'ըղձա երգն
երանության.
–Երնե՛, էրան,
երնե՛, էրան.
Հարդը քեզի,
մեզի ցորյան:–
Ու երբ ոսկվով
ծեփվին կալեր.
Հարսերն ոսկի
քողեր առնեն,
Եվ ցորյանի
ձուլվին սարեր`
Զոր գա լուսնակն
օրհնել վերեն`
Պիտի նվաղի
երգն աղվական.
–Երնե՛, էրան,
երնե՛, էրան.
Հարդը քեզի,
մեզի ցորյան: