ՀԱՑԻՆ ԵՐԳԸ 25. ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ

Ափ մը ցորյան ափերուդ մեջ
Թող լեցընեմ, կըտրի՛ճ Որդիս.
Կըտրիճ Որդիս, գոտի՛ն մեջքիս
Թող մաճակալ բազուկներեդ
Քըսան ցուլի արյուն անցնի,
Եվ եղևնի քու հասակեդ
Քըսան տունի սյունը կանգնի.
Ու երբ թիվովը մատերուդ
Սերմանես քու սերմընցուն`
Հընձես թիվո՜վն աստղերուն:

Ափ մը ցորյան գըլուխդ ի վար
Թող որ թափեմ, Թոռնի՛կ սիրված,
Թոռնիկ սիրված, ցո՛ւպըս ծաղկած.
Թող ճակատիդ վըա գըրվի
Հարյուր սաղմոս իմաստության,
Եվ ուսերուդ վըրա դըրվի
Տապանակը ըզգաստության.
Ու երբ հոտիդ օր մ'այցելես`
Թող քու ափիդ գարիին
Հազա՜ր ոչխար երկարին:

Ափ մը ցորյան մազերուդ մեջ
Թող որ տեղամ, վա՛րդ Թոռնուհիս,
Վարդ Թոռնուհիս, պըսա՛կ շիրմիս.
Թող այտերուդ վըրա շողան
Ամեն գարուն նո՛ր կակաչներ,
Եվ աչքերուդ մեջը լողան
Ամեն ամառ նո՛ր ճաճանչներ.
Ու երբ տընկես ճյուղ մ'ուռիի
Ամեն ապրիլ դուն տեսնես
Իր շուքին տակ կանա՜նչ քեզ:

Ափ մը ցորյան ծոցերուդ մեջ
Թող որ ցանեմ, Հա՛րսըս աղվոր,
Հարսըս աղվոր, սե՜րս հեռավոր.
Թող անկողնիդ ակոսին մեջ
Հասկ մը ծըլի` լըման շարքով,
Եվ օրորած օրոցքիդ մեջ
Արշալույսնե՜ր նընջեն փառքով,
Ու երբ կըթես քառսուն երինջ
Դույլերուդ մեջ մակըրդի
Կաթը` արծաթ, դալն` ոսկի:

Ափ մը ցորյան, ափ մը ցորյան
Ա՜յ իմ պառավ, ա՜յ իմ Աննա,
Մեր գըլխուն ալ թող որ տեղա.
Թող չըսառի՜ արևն աշնան
Մեր մազերուն ձյուներուն մեջ.
Չը մարի՜ մեր մոմն իրիկվան
Ժամուն մարմար սյուներուն մեջ`
Ու երբ դրվինք ա՛լ գերեզման`
Մեր ներքև հո՛ղը, Աննա՛,
Քիչ մը կակո՜ւղ թող ըլլա: