Կը հիշե՞ս,
ո՛վ Լալագե.
Ես քեզի հետ, ծանր ամիսին հըղությանդ,
Այգիիս մեջ ման եկա
Պըտղաբերձ օր մը աշնան:
Մայրամուտին շողերուն տակ դալկահար
Ծառերն էին ոսկեձույլ:
Եվ ողկույզներն աչքերու պես հըրեղեն
Քաղցրություններ կը ծորեին հողին վրա:
Օ՜, իմ այգիս, օ՜, իմ այգիս կութքի՛ մեջ…
Հարյուրավոր ժիր գերիներըս հըլու`
Երկայնքն ի վեր ցանկերուն`
Կը կըթեին սարբինան.
Եվ կողովներն հյուսված էին հրաշագեղ
Մայրամուտի ոսկեառէջ նշույլներով…
Անապատի անծանոթ երգ մը` շուրթին,
Եթովպուհին խընձորենին կը թոթվեր
Ծիծերն ի վար, գոգին մեջ:
Հոն, տըղաներ խառնածին`
Կանանչացած, լեղակե թուխ ձեռքերով`
Կը ժողվեին ընկույզներ:
Անդին բլուրեն վար, դեպ Քաղաքը, ճռընչուն,
Մեծղի եզներ, որոնց եղջյուրն այգեպանն
Որթատունկի սաղարթներով է պսակեր,
Կը քաշեին սայլերն ամբող բեռնաբարձ
Ողկույզներու դեզերով
Եվ ալիքով գինիի:
Եվ փարչին մեջ, աղբյուրներուն վրա բոլոր
Տերևներ լյո՜ւղ, տերևներ լյո՜ւղ կու գային…
Արդ հիշեցի՞ր դուն այն օրն, ո՛վ Լալագե,
Ակոսներու և կողերուդ ընդմեջեն,
Այն ծանր ամիսն հղությանդ,
Կ'անցներ ալիքն հողին հորդող ույժերուն:
Արեգակի արյունին նուռն էր` ծոցիդ
Մեջ հասունցած: Բուներն ի վար ծառերուն
Կը ծորեին շիթ առ շիթ
Հույզերը` նման արցունքի:
Քու համբուրված մարմինի պես ծանրակիր
Հողն էր թըրջված, էր կպչուն
Քաղցուներով և մեղրով:
Անուշաբույր իր բեռին տակ կը կըքեր
Դեղձենին քե՛զ նըմանակ,
Քու ծիծերուդ նըմանակ
Ողկույզներն այն լեցուն էին` ապագա
Ծիծաղներով, ցընծությունով ու կայթով:
Ու իրիկունն այն` կ'ուռեր կո՜ւրծքը հողին…
Հընձաններուն քովեն անցանք մենք դյութված
Խազմուզին բարկ բուրումեն:
Գերուհիներ, պարեգոտնին հանգրըճած
Մինչև իրենց պորտին տակ,
Կը կոխեին խաղողն ատոք`թըրջելով
Մինչև իրենց պորտին տակն, ո՛վ Լալագե:
Վայրածըփիկ մազերնուն ծայրը համակ
Կը ներկըվեր բոսորագեղ հույզին մեջ
Եվ քովն իրենց` հընաբույր լայն կարասներ
Նվիրագործված ամեն տարի, ծոցիդ պես,
Լեցո՛ւն էին գինիներով – ծոցիդ պես–
Լեցուն շողո՛վ, հաղթանակո՛վ, բերկրանքո՛վ,
Հավերժակա՛ն կյանքերով:
Հետըդ անցանք ծիծաղներու, երգերու
Մեջեն առույգ, զոր աշխատող հոգիներ
Կը պոռթկային տերևներուն ներքևեն.
Ու բուրումներն աշունին
Կը հասնեին մինչև աստղերն արծարծուն.
Ու այգին, լի պըտուղներով բազմազան,
Կարծես կ'այրեր, կը ծավալեր խունկ մ'անույշ
Վա՛րը, մինչև Քաղաքին վրա հեթանոս,
Քաղաքի՛ն վրա որ միշտ, տոնի խրախի մեջ,
Կը սպառեր հողն ու ավիշները հողին:
Այն ատեն (թույլ կու տա՞ս ինձ
Խոստովնիլ, Լալագե՛)
Ես ունեցա ընդվըզումներ արյունի:
Ու ցանկացա արեգակին, հողին պես
Ուռճացընել ինձ մերձեցող ամե՛ն հունտ.
Ու – Թո՛ւյլ տուր ինձ խոստովանիլ, Լալա՜գե–
Երբ դուն անդին` կարկառուն նուռը ծառեն
Կը քաղեիր, ու հետո
Կը խածնեիր լիաբերան հեշտանքով
Անոր բոսոր մարգրիտներուն շարքն անույշ`
Ես ասդին թուխ Եթովպուհին – որ ջլեբաց`
Հընձանին մեջ կը ճըմլեր կուզն –
Համբուրեցի՜… բըռնած հընդիկ ծամերեն
Պառկեցուցի ժըպտագին գլուխը կուրծքիս,
Եվ հեշտաբո՜ւռըն շրթներով, Լալագե՛,
Համբուրեցի՛…
… Բայց դուն ինչո՞ւ կ'արտասվես:
Այն հեռավոր աշունին
Բուրումներուն մատնըչությանը համար,
Ո՛վ աշնագեղ Լալագե,
Արտասվել չա՜րժեր այսօր: