19. ԳԻՆԱՐԲՈՒՔԵՆ ՎԵՐՋ

Նկարիչ բարեկամիս` Արսեն Մարկոսյանին

Սըրահն է լուռ: Կոչնականներն հեռացան:
Ջահերն ոսկի դեռ կը վառին մոլեգնած,
Եվ կը հեղուն, սեղաններուն վրա անձայն,
Արյունն իրենց երակներուն բորբոքած:

Վինը լըռեց: Կը թափառի նըվաղուն
Երգն իր վերջին` զոր հարբած սիրտը չըմպեց:
Անոնց բերնին վըրա և ցոփ աչքերուն
Կը սըփռե քունն իր չըղջիկի թևը մեծ:

Սեղանին վրա է ամեն ինչ ցիրուցան:
Սափորին մեջ կ'երազե մաս մը գինի:
Նուռ մը լըքված, ակռաներու վերքեր վրան,
Ջահերուն տակ, ջահերուն հետ կ'արյունի:

Եվ կը փըշրի բաժակ մ'հանկարծ, հեծելով
Լըռության մեջ: Զայն ճեղքած էր նախապես
Կին մը արբշիռ` երբ կը ներկեր կըտղանքով,
Գինիին խորն, ատամներն իր, բուստի պես:

Ծաղկամանին մեջ կը թոռմին հիրիկներ`
Որոնց բույրով գուսանն եղավ սըրարբած:
Աթոռին վրա հողմահա՛ր մ'է մոռցըվեր`
Զերդ հոլաձև մեծ թիթեռնիկ մը մեռած:

Դուրս կը հոսին բաց մընացած դուռներեն
Գաղջ ալիքներն հալվեներուն ու մուշկին:
Եվ քըրքիջներն ու կըտղուցներն համորեն
Հայլիներուն խորության մեջ կը մեռնին:

Կ'աշխատին հոն միայն երկու գերիներ,
Մին` աղախին, մյուսը` ծառա մ'անճոռնի,
Որ կը խըմե մերթ ավելցուկ գինիներն
Ու կ'համբուրե ընկերուհին, գողունի…