20. ՄԵՌԱԾ ԱՍՏՎԱԾՆԵՐՈՒՆ

Արյունափառ Խաչին տակ,
Որուն թևերը տըրտմություն կը ծորեն
Աշխարհիս վրա բովանդակ,
Ես պարտըված, Արվեստիս դառըն սըրտեն
Կ'ողբամ ձեր մահն, ո՛վ հեթանոս Աստվածներ:
Մեռա՜վ Խորհուրդն. և Բնությունն է արյունե՛ր
Օրենքներու կարկինին սուր սըլաքով:
Ձանձրո՜ւյթը մնաց, պըճնըված փուշ պըսակով:
Մարդն է ինկած, գարշապարին տակ հըսկա
Խուլ Աստուծո մը հրեա:

Դիո՛ս, մեռար: Մեռար դուն,
Ո՛վ Ապողոն, որուն կառքեն քառաձի
Կու գար խըխինջն Արևուն:
Կայծակն անտեր` աստղերուն մեջ կը հածի
Կույր օձի պես: Սիրամարգներ չեն քաշեր
Հերայի սայլն` որ ուներ լույս սարիքներ.
Ոչ ալ կ'հոսին, իբրև սերմեր դիցական,
Զևսի անձրևն ոսկի, արյունն Ուրանյան:
Չե՛ն արծարծեր ոտնաթևերն Հերմեսին
Աստղերը որբ երկինքին:

Անտառին մեջ, Անահի՛տ,
Ալ չեմ լսեր շանդ հաչյուններն` ետևեն
Նախընտրած գեր երեիդ.
Կապարճդ հողին տակ կը փըտի. լիճերեն
Ջուրն իր խըմել կ'երթա եղնիկը անվախ:
Չի՛ պըսակվիր Պանը շոճով. ամեն ցախ
Անոր շունչով նորեն առույգ չի՛ ծաղկիր:
Դափ չե՛ք զարներ, Այծեմարդե՛ր բարեկիր,
Լոկ կը տեսնեմ Ավանդությունն` որ կու լա
Նըստած կոճղի մը վըրա:

Հավերժահարսե՛ր, մեռաք դուք.
Կը խածատեն փըրփրուն գետերը` ցավեն,
Իրենց ափերն հեղհեղուկ:
Նայուհինե՛ր, եղեգներուն ընդմեջեն
Ա՛լ չեք երգեր` երբոր ցաթե լուսնկան.
Կանանչ լոռերն այժըմ կ'ըլլան ձեզ պատան:
Լուսազմայլիկ աղբյուրին մեջ չեմ տեսներ
Բիբերուդ կայծն, անբա՛խտ Նարգիս: Տատրակներ
Երբ գուռին մեջ կու գան լըվալ կըտուցնին`
Դոդոշներեն կը խըրչտին:

Քեզմե, ո՛վ վեհ Պոսիդոն,
Ծովն է թափուր: Անտառներեն բուստերու
Չի՛ խոյանար բարձրահոն
Քառանըժույգը՛դ փըրփրագեղ. ոչ ալ քու
Երեքարձենըդ կ'առխըթե դըղըրդմամբ
Նըվիրական դելփինին նուսն ապըստամբ:
Մեռա՛վ Սիրենը ժայռին տակ Սիկիլյան.
Կ'անցնի նավազն անկե առա՛նց դյությության:
Չ'ըլլար փրփուրն` Աստղիկ, ոչ ալ կոնքը` կուր.
Ծո՜վն, Աստվածնե՛ր, ծո՜վն է տխուր:

Տանս ակութեն, Թերափնե՛ր,
Ո՞ւր հեռացաք, ո՞ր ջերմեռանդ սըրբուհին
Ձեզ իր խաչովն է փըշրեր,
Ձեր մեջ պապերս պապե՛րն իրենց դրոշեցին`
Ընծայելով ամեն օր աղ ու նեկտար:
Չըկաս, Էրո՛ս. պիտի քույրս իմ սիրահար
Որո՞ւ ձոնե դահամունքներն իր ուխտին.
Չըկա և՛ դուռը պահպանող Շան անդրին…
Միայն սնարես կախվեր է Խաչ մ'հաղթական`
Ուր կա լոկ փառքը Մահվան:

Եվ այժըմ այդ Խաչին տակ,
Որուն թևերը տըրտմություն կը ծորեն
Աշխարհիս վրա բովանդակ,
Ես պարտըված, Արվեստիս դառըն սըրտեն
Կ'ողբամ ձեր մահն, ո՛վ հեթանոս Աստվածներ:
Տեսե՛ք, բոլոր մեր անտառներն ու ծովեր,
Աղբերակներն ու երդիկները խաղաղ
Ամայացա՜ն ու տաղտկացա՜ն: Այժմ, ավա՛ղ,
Մարդն է ինկած, գարշապարին տակ հըսկա
Խուլ Աստուծո մը հրեա: