Անոնք երեք
քույրեր էին
Նըման երեք Շընորհներուն.
Երեքն երեք ուխտեր ըրին
Առջևն երեք բագիններուն:
Երեցն ըսավ. – “Դի՛ք կայծակի,
Քե՛զ կը ձոնեմ մազերս ոսկի”:
Միջնեկն ըսավ. – “Ըզգա՛ստ Հիմեն,
Քեզ կ'ընծայեմ մատնիս հրեղեն”:
Կըրտսերն ըսավ. – “Վավա՛շ Աստղիկ,
Ա՛ռ իմ կույսի գոտիս ծաղիկ”:
Ո՛վ որ մազերն ձոնեց Զևսի`
Յոթը ազգի յոթ խույր կապեց
Գահին վըրա Արտաշեսի:
Ո՛վ որ մատնին տվավ Հիմենին`
Յոթը չըքնաղ հերոս ծընավ
Գերահըզոր Հայաստանին:
Ո՛վ կույս գոտին մեջքեն ձըգեց`
Ան` տառապյալ քույրը եղավ,
Եվ բոզնոցին մեջ նուռ ծախեց: