9. ԱՐԵՎԵԼՅԱՆ ԲԱՂԱՆԻՔ

Մորճագըմբեթ բաղանիքին ներքնադուռն հո՜ւյլ կը բացվի,
Եբենոս դո՛ւռն հաստաբեստ` որ կը ծեծվի միշտ թակով,
Եվ անընդհատ կը քըրտնի, կը ճըռընչե ուժասպառ
Հուրիներուն ետևեն` որոնք դանդա՜ղ կը մըտնեն:
Բոլոր մե՛րկ են ու չըքնա՛ղ, – թևերն իրենց ծալլեր են
Լանջքերուն վրա հոյաշեն` որոնց վրա կըդիզվին
Կույտերն րենց ծիծերուն, պըտուկներով թըխագեղ:
Սատափազօծ սանդալներն հատակին վրա կը հընչեն.
Սրտերուն հևքն աղվական, ձայներն իրենց քաղցրանույշ
Բաղնիքեն ներս կը փոխվին անդընդասույզ ղողանջի.
Աստղերուն պես` լողացող մառախուղին մեջ աղոտ`
Իրենց աչքերը խոնավ նըշողյուններ կ'արձակեն,
Եվ գոլորշին, իր տամուկ շըղարշներով, կը պատե
Մարմինն իրենց` որ պըտղիլ կը սկըսի ա՛լ քրտինքով:
Հուրիները կը լոգնա՜ն. Պորտաքարին կիզանուտ
Ոմանք պառկած նըվաղկոտ նայվածքներով կ'երազեն:
Լուսացընցուղ գըմբեթեն` արևուն շողը ճերմակ
Ներս կը մաղվի` մարգարտյա հորդ անձրևի մը նըման.
Եվ ծփանուտ գոլորշին կը դառնա ծով մ'արծաթյա,
Ուր լյուղ կու գան կարապներն Արևելքի Հեշտանքին
Ըսպածանին` որ կըպած է զիստերնուն լոռի պես,
Ա՛լ կը նետվի. մարմինները կը փոխվին արձանի.
Եվ մազերնին, հյուս առ հյուս, ծովերու պես կը քակեն,
Ուրկե երբե՛մն կ'իյնան գոհարներու հատիկներ,
Օ՜, ծամե՜րն այդ, ծամե՜րն այդ, որոնցմով ա՛լ կը ծփա
Կարծես բաղնիքը ամբողջ. և պորտաքարը մարմար
Կը թըխանա անոնց հորդ սևափըրփուր ալիքով:
Գըլուխն իրենց կը սանտրեն ոսկեդրվագ սանտրերով
Երկա՜ր, երկա՜ր, մինչև ծայրն անծայրածիր մազերուն
Կ'երթան իրենց մատվըները ծեքծեքուն ու դանդաղ
Միշտ լողալով կայծերուն մեջ մատնիի ադամանդ:
Անոնք երբեմըն կը զգան նըվաղումներ, ու երբեմն
Հանկարծակի կը սարսռան` երբ գմբեթեն կը կաթի
Ցուրտ ցող մ'իրենց ծոծրակին հեշտագրգիռ փոսին մեջ:
Ահա հարյուր ծորակնե՜րն, ահա մարմար ծորակնե՜րն
Իրար ետև կը բացվին` աղմըկահույզ կարկաջով.
Մոխիրի պես գորշ շոգին կը բարձրանա ծուփ առ ծուփ,
Դատարկ գուռերը բոլոր կենդանություն կը ստանան.
Ջուրը կ'հորդի ամեն կողմ, ջուրը կ'երգե քաղցրահունչ.
Հուրիները կը լոգնա՜ն. Գուռերուն շուրջ հավաքված
Գանո՛վայի Շընորհներ, կարծես իրար կը փարին,
Եվ կը խառնեն ծիծերնին, կը խառնեն ժիր թևերնին
Եվ սըրունքնին պաղպաջուն, և պորտերնին կոշարա`
Ուրկե մուշկի հատիկներ, տարրալուծված, կը բուրեն:
Մարմարներուն վրա նստած զիստերն իրենց կ'ընդլայնին`
Ու կը խըմեն հեշտությունն իրենց տակեն սահող ջրին:
Ոսկի թասերը ահա քարերուն վրա կը հընչեն,
Տոսա՜խ թասերն, որոնք մերթ սիրտերու պես կը ճաթին`
Այդ անպատում մերկությանց ծառայելու ժամանակ:
Կը քըրքըրի կավն ահա, ծոթրինաբույր կավը զով,
Ծաղկահյութով զանգըված` զոր մեր նախնիք կ'ուտեին:
Մազերն անով կը ծեփվին, ու կը դառնան ապըրշում:
Լանջերն անով կ'օծանվին, ու կ'ըլլան նման փրփուրի.
Անոր խյուսովը պաղուկ, և լըպըրծուն շաղախով
Կը զովանան հուրիներն, որովայննին կը հըղկեն
Գետի խիճին պես ողորկ ու թավշորեն օծանուտ:
Կ'եռան ջուրերը, կը լվան Կըրակներն այդ պաշտելի.
Կը փըրփըրին օճառներն` Մաքրություններն անգամ մ'ալ
Իրենց մածան լույսերուն մեջ մաքրելու ի խընդիր,
Ջուրն, որ ամեն կողմանե, պորտաքարին շուրջն ի վար,
Կ'հոսի կ'երթա` կոյուղին իսկ բուրումով լեցնելու,
Գո՜րշ է կավով ու կիրով, լեղի կիրով հերաթափ,
Եվ իր ուղխին հետ մեկտեղ մերթ կը գըլե կը տանի
Թըխակուտակ թընճուկներ, անութներու գանգուրներ,
Եվ խըռիվներն աղվամազ այդ կիպերյան լուսեղեն
Արձաններուն կենեղուտ` որոնք այլևս ուժաթափ
Կը լեցընեն հուսկ թասերն, թասերը հուսկ կը պարպես.
Գուռերն հե՛ղ մ'ալ կը հորդին, բաղնիքն հեղ մ'ալ կ'աղմկի
Ջուրն եռեփուն կը վազե, հե՛ղ մ'ալ կ'լողնան հուրիներն:
Կը բըռնըկի մորթերնին վարդի մը պես բոցավառ.
Եվ նըվաղուն բիբերով, թասերն` իրենց գըլուխին,
Կուրծքերնուն վրա միշտ գրկած դեզերն րենց ծիծերուն`
Այլևըս դուրս կը փութան, շարան շարան, հևասպառ,
Անգայտացած շոգիով, կակաչներու պես բոսոր…
Օ՜, գանգուրներն հորդառատ` իրենց կուրծքին վրա մերկ,
Օ՜, գանգուրները խըխում, կաթիլնեով ծանրացած,
Որոնք բոբիկ ոտքերնուն` սատափ ցողեր կը ծորեն…
Ինչպես պատմել ձեր օծումն, ի՜նչպես պատմել ձեր զարդերն`
Երբ մարմիննիդ կը սըրբեք, և կուռքի պես կը հագվիք…
Թող համբուրեմ մատերնիդ` զոր դուք այսօր կը թաթխեք
Հինաներու գուշին խորն` իբր արյունոտ սըրտի մեջ,
Թող համբուրեմ մազերնիդ` կընդրուկներով օծանուտ`
Որոնք, գիշերը, լուսնին տակ, կը բուրեն բարձին վրա,
Եվ հոնքերնիդ ծարուրված, ամպանըման թարթիչնիդ,
Եվ լա՜նջքը ձեր` որ փաղփուն մանյակներով ոսկեշար
Ամուսնական անկողնին նըշողուն ջա՛հը կ'ըլլա.
Թող համբուրեմ պորտը ձեր` ուր ծըրարած կը ծածկեք
Թե՛ Արաբիո հաշիշներն և թե՛ մուշկերն Ափրիկյան:
Ձեր տուներն այժը՛մ կ'երթաք գահարներով բեռնավոր…
Թող սալարկները Քաղքին ձեր քայլերեն թարմանան…
Ցուրտը խածնե թուշերնիդ, ու այտերնիդ բոսորե:
Վարշամակեն ձեր տամուկ, քըղանցքներեն ծըփծըփուն
Արտաբուրե՛ և հորդի՛ լոգանքին հոտը ծոթրին.
Եվ լեցընե գըռեհներն, հըրապարա՜կն և ուղի՜ն.
Ավելցած մասն այն հացին` զոր դուք բաղնիք կը տանիք,
Զոր թասին մեջ կը դընեք և կը ծածկեք ղենջակով,
Թող արձակե՛ բուրումն իր`տարաշխարհիկ համեմով,
Զի այն ատեն փողոցներն Արևելյան Քաղաքին
Պիտի ըզգան թե Մայիսն հետքերնուդ վրա կը ծաղկի,
Եվ թարմացած մայթերեն Գարո՜ւն, Գարո՜ւնը կ'անցնի: