Մայրս

Գլխիս վերև ամեն գիշեր
Մի թռչուն է թառում լռին.
Ես չգիտեմ՝ թե ինչպես է
Գալիս, թառում իմ սնարին:
Ճերմակ է նա, փրփուր-փետուր,
Կարծես լույսի ալիք է ջինջ,
Որ քշել է մութը մրուր
Մենանոցիս ծոցը աննինջ:
Թառում է նա տխուր ու լուռ,
Գթոտ աչքով ինձ է նայում.
Զուր եմ հայցում նրանից լուր
ՈՒ նայվածքս վար է սահում...
Երբ ուզում եմ տեսնել կրկին՝
Էլ ոչ նա կա, ոչ էլ իր չուն,
ՈՒ թռել է դեպի երկինք
Իմ կաթոգին մայրը՝ թռչուն:
Քույրս
ՈՒնի մի դեմք՝ ասես լուսին՝
Շուրջը երկու ամպ-խոպոպիկ.
Վարսերի հետ սափորն ուսին՝
Գնում է նա ոտաբոբիկ:
Ժպիտ ունի հոնքերի տակ,-
Ամպի տակի շողն է հրե.-
Ինքն էլ այնքան նուրբ է, հստակ,
Որ տեսնում ես իր մեջ իրեն:
Աղբյուրի մոտ կանգնած անհարց
Նայում է նա ջրին այն ջինջ,
Նախ ժպտում է, ապա հանկարծ
Խառնում ջրին ծիծաղ ու ճիչ...
ՈՒ փրփրում են ծիծաղ ու ջուր...
Հրա՜շք, ինքն էլ քողվեց ամպով,
Դարձավ ճերմակ-ճերմակ փրփուր...
Ափին մնաց դատարկ սափոր:
Մայրենի հող
Մայրենի հող, տաք, կենդանի մարմնի պես,
Դու չմեռնող արյունակից դարավոր.
Սիրում եմ քեզ, սիրում եմ քեզ, սիրում եմ քեզ
Ինչպես քրոջ, ինչպես կնոջ, ինչպես մոր:
Քո մեջ կա հին այնքան արյուն և աճյուն՝
Իմ արյունից, քո բույրից եմ զգում այդ.
Քո աղբյուրներն իմ լեզվով են կարկաչում,
Դու հավերժ մայր, գեղեցկուհի մանկամարդ:
Ծաղիկներդ շշնջում են, բուրում սեր,
Ավանդում են հին կտակդ քարերն ինձ.
Այգիներդ, ուր սիրում եմ երազել,
Հյութն ու համը բերել են հին դարերից:
Դու իմ սերը հատուցում ես քո սիրով.
Ես՝ քեզանով, ինձանով ես դու մնում.
Ես իմ կյանքով, իմ իղձերով, հույսերով
Սնում եմ քեզ, ինչպես դու ես ինձ սնում:
Ես քո մեջ եմ գտնում կյանքում ամեն բան
Քեզանով եմ ես երջանիկ և հարուստ.
Ես՝ անցավոր, դու՝ հավերժող աներկբա,
Սոսկ քո մեջ է անմահությունս անկորուստ: