ԽՂՃՄՏԱՆՔԻ ՁԱՅՆԵՐ

ՓՈՍՏԱԼ

Դ

 

Երկու տարի տեւեց այս կյանքը. ուզված աղախինն էր անիկա, որ էֆենտիին տղան Փերա, գեղ տեղվանք երթալեն վազ բերած էր: Սուրբիկ հանըմ հարսի մը պես հիմա կհագվեցներ զայն, ու եկողին գացողին անոր գովեստը ընելե չէր դադրեր:

Օրին մեկը, սակայն, Տիգրանուհին հիվանդացավ. գլուխը կդառնար, սիրտը կխառնվեր. այս անհանգստությունը շարունակեց քանի մը օր, բայց սպասուհին վախեն բան մը չըսավ, բերանը չբացավ մեկու մը. քիչ մը ատեն անցավ ու ծոցվորության նշանները երթալով շեշտվեցան: Տիգրանուհին շվարած էր, ինչ ըսելիքը, ինչ ընելիքը չէր գիտեր: Մյուս ծառաները կ'սկսեին քիթներուն տակեն խնդալ, կատակներ ընել, չարչարել զինքը: Այդ միջոցին երիտասարդ էֆենտին իր մոտը չէր գար, ու տանը մեջ երեսը չէր նայեր: Հանկարծ օր մըն ալ Սուրբիկ հանըմ զինքը ուշադրությամբ դիտեց, նայվածքով մը, որ կրակե պատմուճանի մը պես սպասուհիին գլխեն մինչեւ ոտքը շրջապատեց:

-Մո՛տ եկու, Տիգրանուհի, - ըսավ անոր բիրտ ձայնով մը: Եվ տեսնելով անոր վարանիլը.

- Սա՛նկ, ավելի՛ մոտ:

Մոտեն՝ հղությունը ակներեւ էր. շատ մը կիներու պես Տիգրանուհին տգեղցեր էր. երեսին մորթը թուլցեր, կախվեր էր, փորը անշնորհ կերպով դուրս կցցվեր ու ամեն սիրտը զարնելուն՝ չափազանց մեծցած կուրծքին հարույցքը աչքի կզարներ իսկույն:

Այն ատեն բարկութենեն Սուրբիկ հանըմին խելքը գլխեն գնաց:

-Փոստա~լ, - պոռաց անոր երեսն ի վեր, - փոստա~լ, տունս անպատվեցիր, թե՛զ ճեհեննեմ եղի՛ր:

Մարիամը վեր վազեց հանըմին ձայնը լսելով:

- Հաճի Տյուրիկ կանչեցեք շուտ, սա շունը առնե տանի՛, - կպոռար հանըմը:

Երկու ժամ ետքը թելլալը գտան բերին ու բերանը փրփրելով Սուրբիկ հանըմ իր զայրույթը դուրս թափեց:

Կեղծավորությունը անանկ բան մըն է, որ երբեմն ու վերջիվերջո անկեղծության հետ կշփոթվի եւ անկե չի տարբերիր , ինչպես որ սուտ խոսողներ կան, որոնք իրենց սուտին կհավտան:

Ասանկ ալ Սուրբիկ հանըմին բարկությունը շինծու բան մը չէր, անկեղծ էր. երբեք կարող չէր հիմա մտքեն անցընել, որ իր գիտությամբը, իր կամքովը, իր կարգադրությունովը ամեն բան եղած կատարված էր: Իր բերնին մեջ ամեն վայրկյան հեղհեղվող պատիվ, պարկեշտություն բառերուն վարժությամբը՝ ցավագարի մը պես կպոռար, աղախինը, Հաճի Տյուրիկը ու բոլոր աշխարհը հանցավոր գտնելու կ'ելլեր:

-Հիմա՛, հիմա՛, փոստալը թող կորսվի երթա, վայրկյան մը չեմ ուզեր տունիս մեջ:

Այս եղավ իր վերջին խոսքը:

Թելլալը Տիգրանուհիին սենյակը ելավ, մահվան դողերուն մեջ գտավ զայն. սաստիկ ջերմ եկած էր վրան, երեսները կարմրեր էին, մինչդեռ ակռաները իրարու կզարնվեին:

Միջնորդ կինը գթաց անոր. բան մը հարցնելու պետք չուներ. անցած դարձածը գիտեր. միյան հարցում մը .

-Քանի՞ ամսում ես, աղջի՛:

-Չեմ գիտեր, - մրմնջաց մյուսը:

Վար իջավ հանըմին քով, բայց անիկա նորեն սկսեր էր ձայնը բարձրացնել ու ջանքեր կ'ըներ իր զայրույթը ավելցնելու համար. շարունակ կհիշեր ասանկ աղքատ կին մը իբր սպասուհի իր տունը ընդունելով գործած բարիքը եւ ասոր փոխարեն, գտած ապերախտությունը. սա ազգը ասանկ էր միշտ. աղքատները ասանկ խայտառակ արարածներ էին բոլորն ալ. ու նստած տեղեն փեշը վեր կքաշեր, իբրեւ թե այս տիղմին չքսվելու համար: Եվ հանկերգին մը նման միեւնույն նախատական բառը կուգար շուրթերուն վրա, թուքի մը պես.

-Փոսստա~~լը, փոստա~~լը, ով գիտե ո՛ր ծառաս գլխե հաներ է:

Այն ատեն Հաճին նեղացավ ա՛լ. ձեռքերը մեջքին դրավ ամբարտավան ձեւով մը.

-Ինծի նայե՛, հանըմ, շտտակն ըսե՞մ, անիկա կնիկ ծառա մըն է, դուն քու տղուդ խոսք հասկցնելու էիր. հիմի ալ ելլե՛ր ծառայի հետ տեսնվեր է կ'ըսես. ասիկա մեղք է:

-Ի~նչ, հիմա ալ տղո՞ւս վրա մուր պիտի քսեք. իմ տղաս ծառայի վրա չի թքներ. բոլոր գեղին աղջիկները, կնիկները իրն են:

-Քու բոլոր գեղիդ մեջ ալ Տիգրանուհիին պես աղվոր մը չկա, հանըմ. դուն եկու՛ր իմ խոսքս մտիկ ըրե, իմ գլխես շատ տաք ու պաղ անցած է. բան մըն է, որ եղեր է. ասիկա առնել անցնելու չէ:

Բայց մյուսը կհամառեր. չէր ընդուներ, որ իր զավակը տեսնված ըլլա Տիգրանուհիին հետ :

Ու վեճը երկարացավ. երկուստեք բիրտ բառերով նախատինքներով լեցված վեճ, որուն մեջ ստորին ու ախտոտ դերը՝ թելլալ կնկան դերը չէր:

Սուրբիկ հանըմ ուրիշ բանի չէր բաղձար, բայց միայն գայթակղությունը ավելի չտարածված մեյ մը դուրս նետել Տիգրանուհին:

Հաճին խորամանկ էր, զգաց ասիկա եւ ջանաց օգուտ քաղել անկե, սպասուհիին համար քանի մը ղուրուշ ձեռք ձգելով:

- Ամեն բան ստակով կ'ըլլա:

-Անոր տալուս Հիվանդանոցին կու տամ,- կ'ըսեր Սուրբիկ հանըմը, կրկնելով այն խոսքը, զոր իրենց պարտքը վճարել չուզողները, հայտնի ավազակ մը չհամարելու համար, սովորաբար կգործածեն մեր մեջ:

Ան ատեն հաճին բերանը բացավ :

-Ինծի նայե, ձեր տղաքներուն էյլենճեին համար տունը աղվոր պեսլեմե ուզողը փարա տալեն քաշվելու չէ, հասկցա՞ր, օղուլ: Հիվանդանոցիդ ստակ տալուդ, տղուդ ծոցվոր ձգած աղքատ աղջիկն տուր. չունիկ չունեւորիկ չեք, փառք աստուծո: Աս աղջիկը տեղ մը չի կրնար աշխատիլ, զավակ պիտի բերե, ապրուստ չունի, գեղը հիվանդ էրկանը ղրկելու ստակ չունի:

Սուրբիկ հանըմ պոռաց, հայհոյեց, սակարկեց, եւ վերջիվերջո քսան ոսկի տվավ, բայց այն պայմանով, որ նույն վայրկյանին Հաճին առնե տանի Տիգրանուհին: Ժամը տասներկուքը անցեր էր:Ղազար էֆենտին ու տղան տուն դարձեր էին վերջին շոգենավով եւ, դիմացի սենյակը նստած, առուտուրի վրա կխոսեին. տղան հոր դեմ բարեւ բռնած էր գրեթե, հնազանդ ու առաքինի զավկի պարկեշտության մեջ:

Այս ժամուն Քատըգյուղեն Պոլիս գալու շոգենավ չկար: Հաճին պարտավորվեցավ, աղջիկը հետը առած, նավակ մը վարձել Ղալաթիա անցնելու համար:

Աշունի իրիկուն մըն էր, ձմեռնամուտի մոտ: Անձրեւ մը կուգար միօրինակ եւ անընդհատ, սեւ քողի մեջ պարփակելով ծովն ու ցամաքը: Նավահանգիստին մեջ շոգենավերը անշարժ հսկաներու պես կեցեր էին իրենց խաչաձեւ կայմերովը, կարծես թե բարեւ բռնած: Ծովեն՝ Ղալաթիան, ու ավելի բարձրը՝ Փերան, իրենց անհամար լույսերը կ'սկսեին մեկիկ մեկիկ վառել:

Ու սմքած՝ այս նավակին մեջ, իր փոքրիկ պողչան թեւին տակ, Տիգրանուհին, կամքե ու գիտակցութենե զուրկ, ուշադրությամբ մըտիկ կ'ըներ թիերուն ծովին մեջ մխրճվելու ձայնին, եւ հեռուն մութին մեջ վառվող բիծերը կդիտեր, երբոր առաջին անգամ, իր զավկին խաղալը զգաց որովայնին մեջ:

Գյուղին մեջ Ղազար աղային տանը համար գայթակղություն մը չսեպվեցավ ասիկա. թեեւ ճշմարտությունը քիչ շատ իմացվեցավ, բայց ամենքը ըսին, որ Տիգրանուհին ծառաներեն մեկը գլխե հանելուն համար վռնտված էր: Սուրբիկ հանըմին բարեպաշտությանը վրա այս առրթով ավելի շատ խոսվեցավ. անոր տանը բարոյականին համբավը քիչ մըն ալ ավելցավ կարծես: Տղուն աղջիկ տալ ուզող կիները միաբերան գովեցին մայրն ալ, զավակն ալ:

- Փոստալին մեկն էր, - կ'ըսեին սպասուհիին համար, - ասանկ տան մը խըյմեթը չգիտցավ:

Առուտուրի մեջ Ղազար աղային հետ գործ ուեցողներն ալ նույն կարծիքեն էին: Ղազար աղան, Սուրբիկ հանըմը կմեղքնային, անոնց ի գործ դրած բարիքին դեմ եղած ապերախտության վրա կզարմանային շարունակ:

-Աշխարհք է սա,- կկրկնեին գլուխնին երերցնելով: