ԽՂՃՄՏԱՆՔԻ ՁԱՅՆԵՐ

ՄԱԳԹԱՂԻՆԵ

Ա

 

Զարհուրելի կերպով շպարված ըլլալուն հակառակ՝ իր տասնյոթը տարու աղջկան շնորհը տակավին երեսին վրա էր: Իր ծարուրած աչքերը մռայլ ցոլացումով մը կփայլեին, այնպես որ ակնարկը զքեզ շոշափելուն՝ թավիշի կակուղ հպումին տպավորությունը կձգեր մարմնիդ վրա: Մազերը առատ ու շքեղ, դեղինի ներկված,ո՛վ գիտե՝ ատեն չունենալուն կամ ուրիշ պատճառով մը՝ հարդարված չէին: Արձակված թափված այսպես ուսին վրա՝ կարծես անոնց ծանրությամբ էր որ գլուխը դեպի ետ կծռեր քիչ մը:

Հոռի ճաշակով պոռչտող բան մըն էր արդուզարդը. կապույտ դիպակե փեշ մը, կարմիր մետաքսե վերիդիով մը ամբողջացած. ծանրագին կերպասներու սեր որ իր զրկված արարածի վրիժառությունն էր տիկիններու դեմ:

Պարարտ ու շնորհալի կազմը այս կնոջ՝ անպատկառ կերպով հոլանի կուրծքեն, շարունակ վար սահող սեւ գուլպաները շտկելու, տեղը բերելու համար ըրած հարատեւ ջանքեն կհայտնվեր: Ինքն ալ ցանկահարույց կեցվածքի մը հրապույրները կ'ավելցներ անոր վրա, գիտակից ու ջանադիր լրբությամբ մը: