Բ
Չորրորդ հարկի խցիկին կեսը կգրավեր իր անկողինը, լայն, խորունկ ու ընդարձակ, որ իր սավաններուն երկբայելի ճերմակությամբը՝ մտածելու կու տար հոն առաջնորդվողը: Այդ անկողնին վրա նետած նայվածքես գուշակելով իմ վարանքս՝ կհամոզեր զիս, վեր առնելով, մեկիկ-մեկիկ ցուցնելով վերմակը, բարձին երեսը դեռ նոր լվացած, կ'ըսեր ինծի, լեզու թափելով ապրանքը քշել ուզող վաճառականի մը պես: Ու բռնի նստեցնելով զիս անկյունին պզտիկ սետիրին վրա, խնդալով տղու մը պես, գրկելով գլուխս, կ'ավելցներ.
-Պագնեմ քեզի անգամ մը:
Նախահարձակը ինքը կ'ըլլար, պզտիկ ձգելով իմ պատանի մարդուս հավակնություններս:
Վարժ աղջիկ մըն էր, որ իմ անփորձ տղու վեհերոտությունս փարատել կջանար իր գգվանքներուն համոզիչ ու շքեղ փաստերը մեջտեղ նետելով:
Իր մարմնին բուրումը՝ չեմ գիտեր ինչ լլկող ու անուշ հոտ մը՝ մատուցումը կշեշտեր:
Այս տանը մեջ, կ'ըսեր ինծի, ամենեն պզտիկը ես եմ. զատկին տասնյոթս պիտի լմնցնեմ:
Ճիշտ քովս նստած էր, կատվի մը պես պզտիկնալով, գրեթե սեղմվելով կուրծքիս վրա:
Հինգ վայրկյանի մեջ արդեն մտերմացած հետս՝ կհարձափորձեր զիս. ով ըլլալս հասկնալ կուզեր:
Եվ առանց սպասելու որ իմ պատմությունս ընեմ՝ ինքը իրեն կզրուցեր ինծի, հինգ բառով պատմվելիք սովորական ու խավարային պատմությունը իրենպեսներուն:
-Երկու տարի առաջ մայրիկս մեռավ,- այս “իկս”-ին մեջ անհուն գորովանք մը ու թախիծ մը կա. հայրս չեմ ճանչնար. ինե երկու տարու պզտիկ քույր մը ու ավելի պզտիկ եղբայր մը ունիմ. ասոնք են իմ բոլոր ազգականներս. քույրս ու եղբայրս դպրոց դրած եմ, ամենքը ես կպահեմ:
Այս վերջին բառին մեջ իր ընտանիքի տեր ու գլուխ եղող անձի պատասխանատվությունով լեցուն հպարտության շեշտը կդնե:
Ասկե դուրս իր քրոջը խոսքը հոս՝ ամոթով լեցուն այս մթնոլորտին մեջ՝ թող չիտար որ ըլլըվի. խստաբարո ու աչալուրջ մոր մը ձեւը կ'առնե դեմս. կծիծաղիմ քիչ մը վրան, բայց կտեսնեմ որ իսկույն կխոժոռի իր աղվոր ճակատը:
Հետո վախնալով որ զիս չսրդողցնե:
-Գոցենք այս խոսքերը,- կ'ըսե ինծի:
Իր շրթունքը նորեն կփակչին իմիններուս եւ իր մարմնին բոլոր բեռը վրաս կծանրանա պահ մը: