ԽՂՃՄՏԱՆՔԻ ՁԱՅՆԵՐ

ՄԱԳԹԱՂԻՆԵ

Դ

 

Բազմություն մը աղտոտ ու ստորին մարդոց կխռնվեր դրանը առջեւ գողեր, մարդասպաններ կային անոնց մեջ. ամենքը կհրմշտեին իրար, առաջ անցնելու ջանքով մը, կլեցվեին իրարու վրա՝ հետաքրքիր: Հետո ոստիկաններ եկան թուղթ ու կաղամար ձեռքներին, կատարված ոճիրը արձանագրելու համար:

Քովիններուս հարցուցի այս հավաքումին պատճառը:

-Աղջիկ մը զարկին սա տանը մեջ, - ըսին ինծի:

Նախազգացումս որ բնավ չի խաբեր, զիս դող հանեց, միջոց մը գտա ճեղքելու այս մարդերե ձեւացած պատնեշը: Վեր վազեցի իսկույն, մեր չորրորդ հարկի պզտիկ խուցը. տնեցիները հոն հավաքվեր էին. բժիշկ մը վերջին պահուն եկած, անկողնին վրա ծռած էր:

Հոդ, այդ անկողնին վրա տարածված տեսա զինքը վերջին անգամ: Իր սովորության հակառակ ամբողջ ճերմակներ հագած էր, ձյուաթույր ու շլացուցիչ. ու միայն լանջքին վրա ձախ կողմը շապիկը կարմրած էր պզտիկ բոլորակով մը, այդ անբծության վրա բացված վարդի մը պես:

Զիս տեսնելուն ժպիտ մը դժվարավ գծագրվեցավ իր դեմքին վրա: Բժիշկը անհույս վճռեց անոր վիճակը: Ինքը հաղորդություն առնելու փափագ հայտնեց ու մեկ երկու հոգի իսկույն եկեղեցի վազեցին, բայց տերտերը մերժեց գալ:

Հետո մահը վրա հասավ. դանդաղ, հանդիսավոր ու մռայլ բանը, վերարկուն՝ ուր նախախնամությունը հոգածու ձեռքով փաթթեց բոլորեց այս աղջիկը, որուն՝ մարդոց ճղճիմ հաշիվները ու սխալ դատաստանը ամեն սփոփանք զլացեր էին աստուծո անունով:

Իր պզտիկ քրոջմեն ու եղբորմեն զատ ոչ ոք անոր անունը տվավ մեյ մըն ալ:

Ե

 

Այս հին դեպքը պատմելուս, անցյալները՝ բարձրաստիճան եկեղեցական մը, աստվածաբան ու կենցաղագետ մարդ, մանրամասն հասկցուց ինծի կրոնական պատճառները այս զլացումին: Հրապուրված աղջկան ու պոռնիկին զանազանությունը ըրավ. սա պարագային մեջ եկեղեցին ասանկ կտնօրինե, ըսավ ինծի, սա մյուս պարագային մեջ ալ անանկ: Բացատրություններ տվավ՝ որոնք նուրբ թվացին ինծի. վկայություններ բերավ որոնց դեմ ըսելիք մը չգտա: Իր փաստերը՝ բարբարոս ու վավերական՝ չհամոզեցին զիս:

Ու միշտ աչքիս առջեւն է մահիճը լայն ու խորունկ, որ սենյակին կեսը կգրավեր, լայն ու խորունկ,որուն մեջ՝ կարմիր վարդ մը կուրծքին՝ այն աղվոր կինը կքնանար:

<1902>