ԿՅԱՆՔԸ ԻՆՉՊԵՍ ՈՐ Է

ՃԻՏԻՆ ՊԱՐՏՔԸ

Ա

Սեւ կաշիե մեծկակ պայուսակ մըն էր զոր առտու իրիկուն իր ձեռքը բռնած կ'երթար փողոցներեն: Իր կյանքին անբաժան ընկերն էր այս տոկուն կաշիե պարկը, որով ամեն իրիկուն իր տան պիտույքը, հացն ու միսը կտաներ, կամ պտուղը իր երկու փոքր զավակներուն, որոնք դրան առջեւեն կբոլորվեին խոստումնալից ու խոստումնապահ այս պայուսակին շուրջը:

Այս մարդուն բոլոր հոգնաջան վաստակը ու քրտնաթոր գործունեությունը անոր մեջն էր, դանայան տակառ զոր կլեցներ շարունակ երեսուն տարիներե ի վեր առանց հաջողելու: Իր կյանքի պայքարը հոն էր ամբողջ, ապրուստի խնդիր, որուն արհավիրքովը լեցուն էր միշտ այդ կաշիե պահարանը, իր մշտնջենական պարապությամբը. իր ուրախությունները ու ցավերն ալ հոն էին, իր հիշատակներն ալ: Աղեկ օրեր ու գեշ օրեր ուներ այդ տոպրակը. տիրոջը պես ճակատագիր մը հարափոփոխ, եւ անոր պես հոգի մըն ալ ուներ կարծես: Ո՞վ էր տերը այս երկուքին մեջ. երեսուն տարի վերջը, երբ ձախորդությունը իր երկաթի շրջապտույտ օղակով զինքը կպաշարեր, այս մարդը կհասկնար, որ այդ անզգա տոպրակը իր տերը եղած էր միշտ:

Բ

Հիմա միջակ հասակով, մորվոք, ալեւորած մեկն էր Հուսեփ աղա որ վաճառականութենե, խանութպանե հետզհետե իջնելով, իջնելով առուտուրի միջնորդությամբ կ'ապրեր ալ, խանութե խանութ, դուռնե դուռ տանելով պասմաի ու ճերմակեղենի մատուցումներու ու պահանջումներու անհամաձայնելի ու հակառակորդ հավաքածոները:

Ո՞վ ըսեր էր որ սա երկուքին մեջ ներդաշնակություն մը կա. Հուսեփ աղան իզուր օրն իբուն իր հաշտարարի դերը կկատարեր, ողոքիչ, համոզիչ փաստերով, առնողին ըսելով թե ապրանքը աժան էր այդ գինով, ու ծախողին՝ թե իր վաճառքը պահանջած գինեն շատ պակաս կ'ըներ. ո՛չ. երկուքն ալ կհամառեին եւ Հուսեփ աղան հուսակտուր ձեռնթափ կ'ըլլար ա՛լ. առեւտուրի տագնապը, զոր իր վաճառական եղած ատենեն այնքան լավ կճանչնար, նորեն իր վրա, իր համեստ միջնորդի ապրուստին վրա ալ կ'իշխեր ու փճացնել կսպառնար ինքը:

Ո~հ, թե որ մինակ ըլլար. ի~նչ փույթ. բայց երկու աղջիկ զավակներ իրենց պատանության ամեն հրապույրներովը, ամեն պատրանքներովը իրեն կնայեին. առջի մանկուհիները չէին, այլ խելահաս պատանուհիներ կյանքի վայելքի արդար ու անմեղ ըղձանքներով, ակնկալություններով ծարավի:

Այս զավակները, իր բոլոր երջանկությունը, հիմա կճնշեին զինքը իրենց 14-15 տարու աղջկան անմեղության ժպիտովը, որ հանդիմանությունով լեցուն կ'երեւար իր հայրական աչքին: Հանցավորի պես կմտներ ներս, զրկանքներու դատապարտված այս երկու հոգիներուն առջեւ, մեղավորի նման գլխիկոր կդառնար տուն, երեսին վրա միշտ պահելով զվարթության կեղծավոր երեւույթը ու այս դիմայլակին տակ պարտկելով ապիկար ու շվարած մարդու կսկիծը: