Գ
Երեկույթը իր ամենեն ցնծահույզ վայրկյանին մեջն էր: Շատ մը աղվոր կիներ, շատ մը շնորհալից աղջիկներ, այնքան ալ երիտասարդ մարդիկ ու պատանիներ. լուռ ըղձանքներով ծանրացած մթնոլորտ մը, որուն մեջ՝ տանտիկինը իր հասակին ու արդուզարդին շքեղությամբը ամենեն զմայլելին կհանդիսանա:
Քովես՝ պզտիկ ձայն մը. ասանկ երեկույթներու սովորական չարախոսությունները, որոնց ամենեն թունավորները տանտիրուհուն դեմ կ'արձակվեին:
-Տեսեք, իր սիրած երիտասարդեն վայրկյան մը չի բաժնվիր. մարդ չի սեպեր սա կնիկը:
Երիտասարդը՝ տժգույն ու նիհար մեկն էր, զոր կիները իրարու ձեռքե կխլեին: Իր վրդոված կյանքին կպարտեր այս ձգողությունը: Ուրույնություն մը ուներ անիկա, եւ իրեն հատուկ դրոշմ մը կար իրեն պատկանող ամեն բանի մեջ: Արհամարհող պզտիկ ժպիտ մը նուրբ ու սեւ պեխերուն ծայրը, կոպերը կտրած աչքեր, որոնք իր գիշերամոլ մարդու հոգնությունները կպատմեին. վես խրոխտություն մը, որ վաղաթարշամ երիտասարդությանը վրա ծավալած ծանրության պես բանի կնմաներ, կարծես ուսումներու եւ հսկումներու մեջ խորասուզվող մարդու ծանրությունը:
Մտքի ու ճաշակի տեր մեկն էր: Իրավագիտություն սովրելու համար Եվրոպա կեցած տարիներեն՝ միջակ վկայականով մը, բայց նրբացած իմացակնությամբը վերադարձած էր հոս: Համալսարանին սրահներեն ավելի՝ գեղեցիկ կիներու քով, միանգանայն՝ տաղանդավոր մարդոց եւ լավագույն ընկերությանց մեջ մտած ու ապրած էր, մսխելով փճացնելով ունեցածը եւ չունեցածը: Հոս ոչ փաստաբան եղեր էր եւ ոչ դատավոր. անկեղծությամբ, քաջությամբ խոստովանած էր իր ապիկարությունը:
Ամեն ինչ չափավոր, գրեթե մեղմ էր իր վրա, իր ձայնը, իր շարժումները. բայց ատոր խորը կտեսնայիր անձնավստահ մարդու, կամ՝ ավելի ճիշտը ըսելու համար՝ իր գերազանցությունը գիտցող մարդու անխռով հանդարտությունը:
Աղջիկներու հետեւեն չէր վազեր. երեխաներ անոնք՝ իր փորձ, գրեթե հայրական աչքին: Զիջում մը, ստորնացում մը պիտի ըլլար իրեն համար խռովել կույսի մը մաքուր հոգին. այս կենցաղասեր մարդուն մեջ՝ ահա այս կերպ իր կյանքին հակասող ազնվություններ ալ կային: Իր ասպետական, կռիվով, հարձակումով բերդ առնող մարդու համբավին եւ սովորությանցը հակառակ էր տեսլական սիրո մը հեռանկարովը աղջկան մը սրտեն ներս սպրդիլ. այս Ոդիսեւսի միջոցները իրեն չէին պատշաճեր:
Զրուցվածին նայելով՝ տարիե մը ի վեր տիկին *** ի մտերիմն էր, ու ամենքը, իրենց բոլոր չարախոսությանց մեջ անգամ, այս երկուքին միջեւ ճշմարիտ ներդաշնակություն մը գտեր էին, որ երկուքին ալ սովորական էակներ չըլլալեն առաջ կուգար անշուշտ:
Դ
Հիմա կպարեին. այրերը իրենց պահանջումներուն անհամբերությունը բերելով հոս ալ, կիները իրենց անձնամատույց մեղկությունը. խոլական գիրկընդխառնումներու, վետվետումներու անընդհատ շարք մըն էր այս ամենը:
Վալսին՝ տիկինն ալ եկավ այն երիտասարդին հետ, որ իր խոսակիցը եղած էր գրեթե շարունակ, եւ պարողներուն մեջ այս եղավ էն շնորհալի զույգը: Զմայլած կդիտեինք զիրենք. պար մը չէր այս, այլ շլացուցիչ բան մը. եթերային ու ցնորական սլացում մը, հափշտակություն մը, քերթված մը ամբողջ:
Մյուս պարողները իրենք ալ կանգ առեր էին այս զույգին շուրջը հիացած, հիացում, որուն մեջ նախանձը իր արդար բաժինը ուներ:
Հանկարծ, սայթակումի պես բան մը պատահեցավ, կինը իր բոլոր ծանրությամբը վայր իյնալու պես եղավ. երիտասարդը մեծ ճիգով հաջողեցավ իր գիրկին մեջ բռնել զայն:
-Ոտքը սահեցավ,- կ'ըսեին:
Ոչ, ավելի բան մըն էր, նվաղում մը ունեցեր էր:
-Հասե՛ք, տոքթոռ,- պոռաց երիտասարդը:
Իսկույն քովը վազեցի ու երկուքնիս բազմոցին վրա տեղավորեցինք զինքը. հազիվ կրցավ աչքերը բանալ. անմիջապես տեսա սրտի կաթվածի բոլոր նշանները:
Ընդհանուր տակնուվրայնության մեջ՝ դեղ մը ապսպրելն անգամ անկարելի կդառնար. օտարականները հեռացուցինք, հյուրերը մեկիկ-մեկիկ մեկնեցան. բայց դեռ սանդուխերուն վրա անոնց ոտնաձայնը չմարած, անիկա իր հոգին ավանդեց, գլուխը իր սիրած տղուն գիրկին մեջ, նույնիսկ իր բույնին մեջ նետահար սպաննված թռչունի մը պես, ժամանակ չձգելով, որ դեղ կամ դարման մը ընեմ:
Այս եղավ ահա իր վախճանը. կյանքին բոլոր երանությունները միացած խտացած էին այն երկվայրկյանին մեջ ուր կյանքը կթողուր. ասկե ավելի երջանիկ մահ մը կրնա՞ք երեւակայել, պատրաստել, շինել ձեզի համար:
Հիվանդություններու, ցավերու մեջ չտառապեցավ. ծերությունը չփճացուց իր շնորհները. պաշտելի ու պաշտված կինը մնաց մինչեւ վերջի վայրկյանին ու ընդհանուր զմայլումով մը ողջունված, իր սիրած տղուն թեւին վրայեն գնաց հեռացավ անիկա: Բաժակի մը պես, որ կոչունքի մը սեղանի վրա, ցնծության մաղթանքներու, բախումներու մեջ կփշրվի, փոխանակ դուրսը սպասավորներու ձեռքով, լվացքի աղտոտ ջուրին մեջ օր մը կոտրելու անհետանալու, այս կինն ալ էն շնորհագեղ պատերի մը մեջ գերագույն երջանկությունը զգացած ու պարգեւած ժամուն անհետացավ:
<1900>