ԼՈՒՌ ՑԱՎԵՐ

ԶԱԲՈՒՂՈՆ

Ա

 

Մարդ մը որուն երեսը երբեք չէինք տեսած, խավարի մեջ ապրող դիվային էակ մը. գոյություն ունե՞ր իրոք, թե առասպել մըն էր, որ բերնե բերան կրկնվելով, տարածվելով՝ վերջնական ձեւ ու վավերացում կստանա, իրողության կարգ կ'անցնի:

Գող մըն էր Զաբուղոն մեր գեղին մեջ. ո՛չ այն ռամիկ գողը որ կբռնվի շարունակ, կծաղրվի ու բանտերու մեջ կփճանա. ոչ այն ահարկու ավազակը որուն գողոնին արյուն կխառնվի ատեն-ատեն:

Իր մեծ արժանիքը ճարպիկության մեջ էր. օդի պես անորս, ոգիի մը պես աներեւույթ, տեղ մը չէ ու ամեն տեղ է միանգամայն:

Ամենեն ավելի ամուր փակված դուռը, ամենեն բարձր պատը՝ մտնելե չեն արգիլեր զինքը. բանալիին ծակեն, տախտակներուն ճեղքերեն ներս կսպրդի կարծես, անշշուկ ստվերի մը պես:

Ամեն բան գիտե, ամեն խոսք կլսե ու դռնփակ նիստերը իրեն համար չեն. իրեն համար պատրաստված ծուղակնրուն մեջեն հաջողությամբ դուրս կ'ելլե միշտ, վարպետ ձեռնածուի մը պես զարմանքի մեջ թողլով զինքը բռնելու պատրաստվող միամիտները:

Երեսը շիտակ տեսնող չկար. բայց կպատմվեր ո՞վ, կամ ինչպե՞ս, չեմ գիտեր թե երիտասարդ մըն էր այս տղան,նկնահասակ, թխադեմ ու վատույժ տղա մը. երկաթագործի քով աշակերտութենե եկած էր ու կղպանքներու արվեստը պետք եղածեն ավելի սորված էր:

Հիմա արվեստասերի մը պես՝ կ'ապրեր, գողնալով թալլելով շարունակ, ավելի սնապարծութենե քան թե իրական չարութենե մղված: Կբավեր որ իր ճարտարության փորձը տար ամենեն անմատչելի կարծված տուները կողոպտելով, ու հոժարությամբ ետ պիտի տար գողոնը, թե որ բռնվելու վախը չըլլար:

Կամաց-կամաց մտերմություն մը հաստատված էր գյուղացվոց ու այս գողին մեջ, ի հարկե ստիպյալ՝ վարժվեր էինք իր ներկայության. այս խորհրդավոր ու ամեկնելի գոյությունը, հալածակն մարդու այս աստանդական կյանքը՝ սրտերնիս կշարժեր, ու քիչ մըն ալ թե որ երթայինք առաջ, պիտի սիրեինք զինքը: