ԼՈՒՌ ՑԱՎԵՐ

ՌԵՀԱՆ

Բ

Որչափ որ կեցանք այնտեղ՝ անխոս մտերմության մը կապերով միացած զգացինք սրտերնիս: Տարեց մարիկ կային իր շուրջը, հայրը, հորեղբայրները թերեւս, ու անոնց առջեւ, մանավանդ այն չարահայաց բազմության մեջ, որ այս Մյոհյուրտարի պարտեզը կլեցներ հիմա, զգուշավոր դիրք մը պահելու ստիպված՝ չէր կրնար ուզածին չափ ստեպ ինծի դառնալ. բայց զիքը տոչորող հայտնի անհամբերությունը կկարդայի դեմքին վրա, ամեն անգամ, որ առիթը գտներ իմ կողմս նայելու:

Պատանության անուրջներուն մեջ երազված, ըղձված էակն էր դեմս, խորհրդանշանը իմ բոլոր փափագներուս, որ հոդ նստած էր, իր անվերլուծելի ձգողությանը մեջ:

Ազատ էր ան երեսս չնայելու ու չխնդալու ինծի. ի~նչ փույթ. նորեն պիտի սիրեի զինքը, պիտի հետեւեի իրեն ու կապվեի իր հիշատակին. իր Կուռքի անտարբերությունը՝ մազի չափով չպիտի խախտեր իմ հավատքս:

Իսկ հիմա ավելի բախտավոր էի. կզգայի ստույգ կերպով որ անուշադիր չէր ինծի, ու զիս վրդովող խորհրդածությունները՝ իր մտքեն ալ կ'անցնեին:

Երազող ու մտամոլոր կերպարանք մը առած էր անիկա եւ անդադար կդիտեր ծովը՝ հանդարտ, անծալք սփռոցի մը պես պարզված, որուն վրա լուսինը՝ իր լրումի առատությանը մեջ՝ ադամանդե ոստոստուն գոհարներ կթափեր, մինչդեռ ամառ գիշերին անդորրությանը մեջ, ծառերը կկենային մեր շուրջը անշարժ՝ մինչեւ իրեց դողացող սաղարթները: Օդին մեջ՝ ամբողջ անուրջի, վերացումի հրավեր մը կար կարծես, որուն երկուքս ալ անձնատուր կ'ըլլայինք ժամերով: