ԼՈՒՌ ՑԱՎԵՐ

ՌԵՀԱՆ

Դ

Ի՞նչ կխորհիս դուն, ձեռքդ գլխուդ այդպես, պատուհանիդ առջեւ նստած. թեթեւ քամին մեղմիվ կշոյե մազերդ ու ես կնշմարիմ հոսկե անոնց վրա վազող սարսուռը:

Այս իրիկվան դեմդ ելլող տղո՞ւ ն կմտածես դուն ալ. սպասված, օր մը չէ նե օր մը գտնված անծանոթին՝ որ հին բարեամի մը պես առջի ժամեն մտերիմ կ'երեւա քեզի, ինչպես որ ես ահա, փողոցին մեջ պատի մը տակ կեցած, քեզի կմտածեմ:

Հետո ձանձրացած այս միակերպ անշարժութենեն, փողոցին մեջ կքալեմ, աչքս վեր այդ պատուհանին սեւեռած. ի՞նչ կ'ակնկալեմ քեզմե, բառ մը , անուշ խոսք մը, որ շոշափելի ապացույցը ըլլա մեզ միացնող համակրության:

Մութին մեջ չեմ կրնար որոշել դեմքը, զոր ծնոտին դրված ձեռքը կգոցե, բայց սեւ մազերուն ժողվվածքը կտեսնեմ հստակ. մունջ կեցած է հոն, չհամարձակելով առջի բառը ինքը արտասանել:

Եվ ես, իրմե ոչ նվազ վեհերոտ, չեմ խոսիր, վախնալով որ չխռովեմ այս գեղեցիկ երազը ու ձեռքե չհանեմ զայն:

Հիմա, զովությունը կ'ավելնա. աջ ու ձախ երկարող փողոցներուն մեջ կլսեմ գիշերապահին ճոկանը որ կհնչե ու կ'իմացնե թե ժամը յոթն է:

Վերը անշարժ կսպասե ան իր արձանի դիրքին մեջ, ու ես վարեն, զինքը դիտելով միայն երջանիկ եմ ահա: Հորիզոնին վրա պլպլացող լույսերը կտժգունին քիչ-քիչ. գիշերը ավելի հստակ, վճիտ ու թափանցիկ կ'ըլլա, ու հեռուն՝ ծովին մութ կապույտը, իր առջի փայլը կորսնցուցած՝ սեւ ծածկոցի մը պես կտարածվի իբրեւ թե անհուն դագաղի մը վրա:

Շուրջս տիրող վեհւթյան ու խաղաղության մեջ ինքզինքս ուրիշ աշխարհ մը փոխադրված կզգամ. մաքուր ու խաղաղ երկիր մը, որ իզմե ու իրմե զատ բնակիչ չունի. ամբողջ տիեզերքը մեր երկուքիս ձգված:

Աքաղաղները կխոսին, արեւելքեն լույսի հոսում մը կսկսի. գեղեցիկ մազերը վերն են միշտ, պատուհանին առջեւ, իրենց առջի դիրքին մեջ. հովը կգգվե զանոնք, անոնց պզտիկ թելերը կդողացնե. դեմեն՝ լույսը կ'ավելանա, կզեղու, կշռայլվի. արշալույսն է:

Վաստակաբեկ,ժամերով հոս անքուն անցընելուս համար չեմ գանգատիր, դեմս է անիկա, իր պատուհանին աջեւ ինծի պես անքուն, ինծի պես երազող:

Քիչ մըն ալ կկենամ այսպես. հանկարծ սեւ մազերու կոհակը կճշտվի աչքիս առջեւ. ռեհանի պզտիկ թումբ մը, իր մութ կարմիր թաղարին վրա կեցած, առտվան զեփյուռեն կսարսռա:

Ա՞ն էր բաց պատուհանին առջեւ ինծի սպասողը մինչեւ լույս. կզարմանամ. ի~նչպես չտեսա. ծաղրելի կգտնեմ ինքզինքս. կբարկանամ պզտիկ իյնալուս համար: