ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊ
1861- 1915

 

Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861 թվականին Կ. Պոլսի Պեշիկթաշ թաղամասում: Հայրը` Խաչիկ էֆենդին, սարաֆ էր,բնիկ ակնեցի, մայրը` Էֆթիկ հանըմը , Մալաթիայից էր:

 

    Զոհրապը նախնական կրթությունը ստացել է Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանում: 1870- ին մահանում է Խաչիկ էֆենդին: Մայրը ամուսնանում է նշանավոր փաստաբան Ավետիս Յորտումյանի հետ եւ երկու որդիների` Միհրանի ու Գրիգորի հետ տեղափոխվում է Օրթագյուղ: Եղբայրները ուսումը շարունակում են տեղի նշանավոր Թարգմանչաց վարժարանում: Այստեղ սովորելու տարիներին են վերաբերում Զոհրապի առաջին գրական նախափորձերը` ոտանավորներ, հաջող շարադրություններ:

    1876 թվականին Զոհրապն ընդունվում է այդ ժամանակ Թուրքիայի միակ բարձրագույն հաստատությունը` Կալաթասարայի վարժարանը, որը բացվել էր 1868 թվականին ֆրանսական կառավարության հովանովորությամբ եւ Կ. Պոլսի ֆրանսիական դեսպանի անմիջական հսկողությամբ: Ուսանում է երկրաչափական գործը: Բաժինն ավարտում է փայլուն գիտելիքներով:

    1880 թվականին աշխատանքի է անցնում խորթ հոր իրավաբանական գրասենյակում, իբրեւ գրագիր եւ միաժամանակ սկսում է հաճախել Կալաթասարայի իրավագիտության բաժինը:Սակայն շուտով վարժարանը , որն ուներ 45 հայ, 2 իսլամ, 2 հրեա եւ 3 հույն ուսանող , փակվում է իսլամ աշակերտներ չունենալու պատճառով:

    1881-ին բացվում է “Հուգուգի” վարժարանը: Մեկ տարի անց Զոհրապը տեղափոխվում է “Հուգուգ”, որտեղ երկու տարի սովորելուց հետո հեռանում է` վկայական չստանալով: 1884-ին Էդիրնե քաղաքում քննություն է հանձնում եւ ստանում փաստաբան - իրավաբանի վկայական:

    Զոհրապը գրական ասպարեզ է մտնում , երբ 1878-ին հանդիպում է Նիկողայոս Թյուլպենճյանին եւ դառնում նրա հրատարակած “ Լրագիր ” օրաթերթի աշխատակիցը: Ընդամենը 17 տարեկան էր նա, սակայն դրսեւորեց իրեն իբրեւ ազգի ճակատագրով մտահոգ անհատ:

    1880-ական թվականների սկզբներին մուտք գործելով հրապարարակախոսական ասպարեզ՝ Զոհրապը դարձավ ժամանակի գրական շարժման մասնակիցներից եւ արդյունավետ գործիչներից մեկը:

    1883թ. նա հրատարակում է Ասիական ընկերության “Երկրագունտ” հանդեսը, Հ. Պարոնյանի խմբագրությամբ : 1885թ. հանդեսում սկսում է տպագրել իր անդրանիկ վեպը` “ Անհետացած սերունդ մը ” վերնագրով: 1887-ին վեպը տպագրում է առանձին գրքով:

    1888թ. Զոհրապն ամուսնանում է Կլարա Յազըչյանի հետ:

    1889թ. ծնվում է Զոհրապի անդրանիկ որդին՝ Լեւոնը, 1891-ին՝ ավագ դուստրը՝ Դոլորեսը, 1892-ին՝ կրտսեր որդին՝ Արամը եւ 1896-ին՝ կրտսեր դուստրը՝ Հերմինեն:

    1891թ. Զոհրապն ընտրվում է Ազգային ժողովի երեսփոխան, սակայն Ժողովի նիստում նրա ընտրությունը չի վավերացվում , 30 տարեկանը լրացած չլինելու պատճառով:

    1892թ. Զոհրապի խմբագրությամբ հրատարակվում է “Մասիս” ազգային, գրական, քաղաքական հանդեսը: Նրա գրիչն այս շրջանում հատկապես բեղուն էր: 1893-ին հանդեսը դադարում է լույս տեսնել:

    Զոհրապի գրական գործունեությունը բուռն վերելք է ապրում 1880-ական թվականների վերջերին եւ 1890-ականների սկզբներին: “Արեւելք” օրաթերում, ապա “Մասիս”-ում տպագրվում են նրա առաջին նորավեպերը: Իր գրական ստեղծագործության հիմնական մասը նա ստեղծել է 1887-1893 թթ.:Այս շրջանում Զոհրապը գրել է երկրորդ անավարտ վեպը` “Նարդիկ”, նորավեպերի մեծ մասը, բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ` ճանաչվելով իբրեւ գրող եւ հրապարակախոս:

    Հետագայում, երկար լռությունից հետո՝ սկսած 1898 թվականից, Զոհրապը նորից է երեւում գրական ասպարեզում, այս անգամ որպես ճանաչված ու վաստակած գրող եւ հասարակական գործիչ:

    1894-95 թվականները զարհուրելի էին արեւմտահայերի համար: Սկիզբ առան ու մինչեւ 1896 թվականը շարունակվեցին զանգվածային կոտորածները: Հայ առաջադեմ մտավորականնեի մեծ մասը ստիպված էր հեռանալ Կ. Պոլսից եւ հաստատվել Եվրոպայում , Եգիպտոսում:

    Հուսահատության ու ազգային կորովի անկման այս շրջանում Զոհրապը հեռացել էր գրական ասպարեզից: Նա ավելի զբաղված էր փաստաբանական գործերով, կարեւոր դատավարություններով:

    Պոլսում Զոհրապը որպես իրավաբան - փաստաբան հայտնի էր հատկապես օտարահպատակներին, քանի որ տիրապետելով ֆրանսերենին՝ շատ հաճախ պաշտպանում էր նրանց գործերը Թուրքիայի առեւտրական առաջին դատարանում:

    Զոհրապը Պոլսի ռուսական դեսպանատան թարգմանիչն էր ու իրավագետ-խորհրդականը: Օգտվելով այդ հանգամանքից՝ ռուս օտարահպատակների դատեր էր վարում եւ ուներ Եվրոպա ազատորեն երթեւեկելու իրավունք:

    1898-ին օրաթերթի վերածված “Մասիսը” լույս տեսավ դարձյալ Զոհրապի խմբագրությամբ:Նա կրկին վարեց բուռն ստեղծագործական կյանք, միաժամանակ զբաղվելով փաստաբանությամբ:

    Սակայն 1906 թվականին Արդարադատության նախարարի կարգադրությամբ Զոհրապին արգելվեց թուրքական դատարաններում դատեր պաշտպանել: Պատճառը մի բուլղար հեղափոխականի դատական պաշտպանությունն էր:

    1908 թվականին Թուրքիայում վերահաստատվեց Սահմանադրությունը: Կայսրության բոլոր անկյուններում անցկացվեցին միտինգներ, ցույցեր՝ հավասարության, եղբայրության, համագործակցության կարգախոսներով:

    Զոհրապն այդ ժամանակ Փարիզում էր: Այնտեղ նա հաջողել էր հրատարակել իր ֆրանսերեն իրավագիտական աշխատությունը, մասնագիտությամբ աշխատանք գտնելու երաշխիքներ ուներ եւ հետագայի համար նախատեսում էր ընտանիքով բնակության հաստատվել Եգիպտոսում:

    Տեղեկանալով Թուրքիայում Սահմանադրական կարգեր հաստատվելու մասին՝ նա հույսերով եւ լավատեսությամբ Փարիզից շտապեց Պոլիս:

    1908 թվականին Զոհրապն ընտրվեց թուրքական Պառլամենտի պատգամավոր: Նա ակտիվ մասնակցություն էր ունենում խորհրդարանական գրեթե բոլոր քննարկումներում, ամեն ջանք գործադրում էր Խորհրդարանի կողմից արդարացի օրենքներ ընդունելու համար: Իր մասին նա ասում էր. “Ես Սահմանադրության փաստաբանն եմ”:

    Զոհրապը հարգված եւ երեւելի անձնավորություն էր երկրի թե՛ ազգային, եւ՛ թե համընդհանուր հասարակական-քաղաքական, մշակութային կյանքում:

    Զոհրապը նաեւ երեսփոխան էր Ազգային ժողովի, որը 1914 թվականին բարձրացրեց Թուրքիայում հայկական բարեփոխումների հարցը եւ այս կապակցությամբ դիմեց եվրոպական տերություների միջամտությանը:

    Հունվարին Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրվեց հայկական բարեփոխումների վերաբերյալ համաձայնագիրը, որը արեւմտահայերի՝ Թուրքիայում ապահով կյանքի երաշխիքն էր: Այդ գործում Զոհրապի մասնակցությունը վճռական էր:

    Սակայն սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը , եւ համաձայնագրիրը մնաց թղթի վրա:Թուրքիայի համար ստեղվեցին նպաստավոր պայմաններ հայերի ցեղասպանությունն իրականացնելու համար: Մեկ գիշերվա ընթացքում , ապրիլի 24-ին, ձերբակալվեց եւ աքսորվեց Պոլսի հայ մտավորականությունը: Զոհրապը ամեն ջանք գործադրեց՝ ազատելու անմեղ ազգակիցներին: Նա դիմեց պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնցից շատերի հետ մտերիմ հարաբերություների մեջ էր, այդ թվում ՝ ներքին գործոց նախարար Թալեաթ փաշային, Խորհրդարանի նախագահ Սայիդ Հալիմ փաշային: Նրանք բոլորն էլ տալիս էին դրական, հուսադրող պատասխաններ:

    Սակայն շուտով Զոհրապին եւս ձերբակալեցին: Նրան էլ սպասվում էր նույն դաժան ճակատագիրը, ինչպես իր միլիոնավոր տարաբախտ հայրենակիցներին:

    1915 թվականի հուլիսին աքսորի ճանապարհին դաժանորեն սպանվեց հայ ժողովրդի մեծ զավակներից մեկը՝ Գրիգոր Զոհրապը: