ԵՎ ՉԻՄԱՑԱՆՔ ԹԵ ԻՆՉՈ՞Ւ

Ես չիմացա թե ի՞նչու,
Դու չիմացար թե ի՞նչպես
Պատահեցին մեկ-մեկու
Մեր երազներն - առանց մեզ:

Պատահեցին մեկ-մեկու
Ու կանչեցին ինձ ու քեզ,
Ես չիմացա թե ի՞նչպես,
Դու չիմացար թե ի՞նչու:

Դու չիմացար թե ի՞նչպես,
Ես չիմացա թե ի՞նչու
Բուրմունք փռեց ծաղկի պես
Դաշնությունը մեր հոգու:

Ես էությամբ դարձա դու,
Դու էությամբ դարձար ես,
Ես չիմացա թե ինչպե՞ս,
Դու չիմացար թե ի՞նչու:

Խառնվեցին երկու “ես”
Ու դարձան մեկ՝ “ես ու դու”,
Դու չիմացար թե ի՞նչպես,
Ես չիմացա թե ի՞նչու:

Բայց չներեց բախտը մեզ,
Ես դարձա - ես, դու էլ՝ դու,
Դու չիմացար թե ի՞նչու,
Ես չիմացա թե ի՞նչպես:

Ու բախվեցինք մեկ-մեկու,
Ու հեռացանք մշտապես,
Եվ չիմացանք թե ի՞նչու,
Եվ չիմացանք թե ի՞նչպես: