Առ քո թևերին,
տար ինձ, ժամանակ,
Ես ետ մնալուց
շատ եմ վախենում:
Հուշերից որքան
հեռու եմ կենում,
Մեկ է, կապում
են թևերս նրանք:
Ակնթարթի մեջ
դու կուլ ես տալիս
Այնպիսի մի նոր
հավիտենություն,
Որ խոսքս հազիվ
հասած բերանիս,
Դառնում է արդեն
խորին հնություն:
Դուրս հանիր
ինձ այս մթին
կիրճերից,
Որ քեզ հասկանամ
և ինձ ճանաչեմ:
Փրկիր ինձ այս
խուլ ախ ու ճիչերից,
Տուր ինձ քո ոգին,
որ ես շառաչեմ:
Տուր ինձ քո ոգին,
որ ես շառաչեմ,
Որ ես դադարեմ
հանդարտ հոսելուց,
Ինձնից խոսելուց
քեզնից չամաչեմ,
Ինձնից չամաչեմ
քեզնից խոսելուց:
Տուր ինձ քո ոգին,
քո միտքը ներհուն,
Առ ինձ հանճարեղ
քո տարերքի մեջ,
Որ չմոլորվեմ
քո ոլորտներում
Եվ իմ հոգու բարդ
տիեզերքի մեջ:
Պարզեցրու, զտիր
խոհերն իմ խառնակ,
Առ քո թևերին,
տար ինձ, ժամանակ: