Ո՞ՐՆ Է, ԲԱԲՈ

-Ո՞րն է, բաբո, մեր հայրենիք:
-Էն, որ ունի բարձր երկինք,
Էն, որ ունի կարմիր արեւ`
Յուր կապուտակ գլխի վերեւ.
Էն, որ ունի լեռն Ալագյազ`
Հավքերն` աշուղ, ջրերը` սազ:
Էն, որ տեսքով իր Սեւանի`
Մազերն արձակ ու գեղանի`
Նստած հարսի կնմանի:
Էն, որ ունի աշխարհի թագ`
Քանց թագավոր` Մասիս ճերմակ,
Ճերմակ Մասիս` սիրտը մրմուռ,
Գլուխը վեր` դրախտի դուռ:
Էն, որ ունի Մասիսն ի վար
Հին-հին բերդեր, վանքեր մթար,
Որ ավերակ, բայց դեռ դարեր
Լուռ կ'աղոթեն երկինքն ի վեր:
Էն, որ ունի Արազ, Տղմուտ,
Եւ ափերը մամռոտ ու մութ
Գերեզմաններն են պապերուդ...
Էն, որ Ղազբեկն ու Արագած`
Արտերու մեջ` ախպեր կանգնած`
Ձեռ կզարնեն գինով թասին
Ու կձայնեն մեր Մասիսին,
Թե` "Հե՜յ, բաբո, բավ չէ՞ մենակ
Պանդուխտ մնաս ամպերու տակ..."