ՆԱՀԱՏԱԿ

I
Փարթամ Կովկասի պարզ երկնքի տակ,
Երկնաբերձ լեռան զառիվայր կրծքին,
Հանգչում է վաղուց մի սուրբ նահատակ,
Կուսական և թավ ծմակի միջին:
Քանդված է մատուռն, քարերը ցրված,
Եվ ավերակի վերա սգառած,
Կանաչ բաղեղով խստապինդ գրկված
Նիրհում էր ուռին ճյուղերը փռած:
Խոնարված էր խաչն յուր պատվանդանից
Եվ ընկած հեռու սուրբ ավերակից,
Իսկ գերեզմանը մեծ նահատակի
Մամռոտ նայում էր խաշամի տակից:
Գիշերներն այնտեղ կանթեղ չէր վառվում,
Այցելում էին նրան երեները,
Եվ միշտ հանգստյան երգ էր հորինում
Քամին, շարժելով լայն տերևները:
II
Այդ լուռ ու խաղաղ վայրում մենացած,
Երկար ժամանակ աստուծո մարդու
Անշուք շիրիմը մարդկանցից մնաց
Անհայտ և անզարդ, առանց այցելու:
Մինչև որ մի օր աստուծո հրամանով,
Երազ եկավ մի արդար մարդու մոտ,–
Թե այս ինչ տեղը թաղված է մի սուրբ,
Ցավերով լիքը երկրին անծանոթ:
Այսպիսի հրաշքով նա հայտնվեցավ
Մարդկային ազգի փրկության համար,
Եվ հռչակավոր ուխտատեղ դարձավ,
Բարձրացավ խորան գեղեցկակամար:
III
Նա անտրտունջ, ասում է հին բանը,
Ինչպես քրիստոնյա բարեպաշտ և քաջ,
Պահելով Տիրոջ սուրբ պատվիրանը,
Գլուխը թեքեց թշնամու առաջ:
Եվ արդար մարդիկ տեսել են աչքով,
Ասում է նույնիսկ ավանդությունը,
Որ լույս է իջել երկնային հրաշքով
Եվ բժշկում է հիվանդությունը:
Հաճախ բերանովն արժանավորի
Հայտնել է երկրին աստըծո կամքը,
Եվ ժողովուրդը գլխովին տեղի
Ձոնում է նրան իրան հարգանքը:
Բայց և շատ անգամ յուր զորությունը
Նա ցույց է տվել մի պատժով արդար,
Քանդելով մեկի ողջ տեղ ու տունը,
Մարդկանցն անհայտ մեղքերի համար:
Նա է մեղավորին տալիս պատիժը,
Արժանավորին ուզած բարիքը.
Նա է սահմանում, գործքին համեմատ,
Մահկանացուի գլխի գալիքը:'
Ահա թե ինչու հայ ժողովուրդը,
Խաչ կամ նահատակ անունը տալով,
Զուր է համարում մարդկային ջանքը,–
Նրա մեծ զորքի վերա հուսալով:
Կամ երբ որ տերտերն յուր տուփը ձեռքին
Հայտնվում է նրան կրկին և կրկին,
Առատ շահելով, հանուն սուրբ խաչին,
Նա հավատում է թե՛ փրկեց հոգին:
IV
Անցնում է անցվոր այն մատրան մոտից
Երկյուղածությամբ և խաչակնքում,
Չարատանջ օրով դառնացած սրտից
Այսպես լիասիրտ աղոթում մտքում.–
“Ո՜վ սուրբ Նահարակ, գլխովդ պտույտ գամ,
“Դուն հասցնես ինձ ապրուստ օրական,
“Քո մեծ զորքովդ, անգութ, անզգամ
“Թշնամուս ջնջես և առնես կոխան”:
*
* *
Հայոց ժողովուրդ ահա խռնված
Հետևում է յուր ծերուկ տերտերին՝
Խաչից խնդրելու, որ բռնված
Երկինքը խնայե իրան արտերին:
Թե մի վարակիչ ցավ է տարածված,
Մարախն ուտում է գյուղացու ցանը,
Այս “երկնառաք պատուհասի” դեմ
“Օրհնած հողն” է միակ դարմանը:
*
* *
Արևը կրակ է թափում վերից.
Հայուհին ընկած խաչի առաջին,
Արյուն արցունք է չափում աչերից,
Օգնություն հայցում,– հիվանդ է որդին:
Եվ զարդարում է ջերմեռանդ սրտով
Ծառի ճյուղերը յուր կտրած մազով.
Ուխտում է երկար պաս ու ծոմ պահել,
Ինչպես ազդել է խաչը երազով:
*
* *
Ահա մի ծեր կին մաղախն ուսին,
Որդի չի ծնում մանկատի հարսին,
Պիտի յոթն գյուղ “խաչի սեր” ման գա,–
Անուլ արգանդին խաչը պտուղ տա:
Տատի ետևից քողը երեսին,
Ոտքերը բոբիկ, կուչ ու հուպ գալով
Գնում է հարսը գրավը ձեռքին,
Իրավ չըգործած մեղքերը լալով:
*
* *
Ահա ուխտավորն ահոգ ու դողով
Խմբված լսում է պատգամավորին,
Որը պատմում է իրան ծեծելով,
Ինչ է կամեցել երկինքը որին:
Սրան մուրազը, նրան աշխարանք,
Կամ պահանջում է զոհեր ծանրագին.
Մյուսին ցեղե– ցեղ նզովք, բանադրանք,
Որ հայհոյել է յուր ընկնավորին:

V
Փարթամ Կովկասի պարզ երկնքի տակ,
Ուր չոր քարն էլ է ծլում, կանաչում,
Տեղացու սիրտը միաժամանակ
Մի գաղտնի երկյուղ հալում է, մաշում:
Նա իրան ուժին դեռ չի հավատում,
Նա դեռ իրանից դուրս է որոնում
Բարօրությունըն յուր չարքաշ կյանքի
Եվ գոհացումն հասած զրկանքի:


1889