Պանդուխտն երգեց օտար երկրում

Պանդուխտն երգեց օտար երկրում
Եվ սրտաբեկ հոգոց քաշեց,
Երբ որ տխուր յուր երգերում
Անցած ուրախ օրերն հիշեց:
Մարմնով տկար, հոգով տխուր
Շուրջը նայեց մեկը չըկար,
Որ տար գեթ մի բաժակ ցուրտ ջուր,–
Ողբաց պանդուխտն անմխիթար:
Եվ նա խնդրեց անժամանակ
Հանգստության լուռ գերեզման,
Անհույս երգեց վերջին անգամ –
“Արի՛, չարքաշ կյանքիս վախճան.
Էլ ուժ չըկա, բարյավ մնաք,
Դուք սև օրեր պանդխտության,
Դո՜ւն, հայրական հեռու տնակ,
Եվ երազներ պատանեկան:
Իսկ դուն արի՛, քաղցր հիշատակ,
Կորցրած սիրո, վայելչություն.
Արի ինձ հետ իբրև սփոփանք
Գերեզմանիս լուռ տխրություն”:
Մեռավ պանդուխտն, բարյավ մնաք...
Գիտեք, որքան ձեզնից թաքուն
Խեղճը հեծեց, ողբաց մենակ...
Գեթ ողորմի տվեք հոգուն: