Շատերի նման նա էլ խեղդվեցավ

Շատերի նման նա էլ խեղդվեցավ.
Փոգրոգությունն եք պարսավում նրա:
Լռեցե՛ք, եղբայրք, ի՞նչ գիտեք, ի՛նչ ցավ
Առաջնորդեց այն մարդուն դեպի մահ:
Տեսե՛ք, այս խեղճը տխուր, գլխակոր,
Մոլոր շրջում է սգվորի նման.
Բայց նրա մասին մի՛ դատեք, երբ որ
Չգիտեք ինչն է կորացրել նրան:
Ահա, վարում են մյուսին պատժարան.
Օ՜, մի՛ անվանեք նրան չարագործ:
Ի՞նչ գիտեք, գուցե մի միտք երկնարժան
Այս օրին մատնեց այդ մարդուն անփորձ:
Եվ դուք ի՞նչ գիտեք, թե երգիչն ուրախ,
Որ ձեզ համար միշտ երգեր է երգում,
Քարասիրտ մարդկանց ծաղրանքից ծածկած
Ի՛նչ ցավեր ունի յուր սրտի խորքում: