ԲԶԵԶԻ ԴՊՐՈՑԸ

Վարպետ Բըզեզն ամռան մի օր
Դըպրոց բացեց մեծ ծառի տակ
Ու հավաքեց թիթեռ, ճանճ, բոռ,
Մըժեղ, մըրջյան, մըլակ, մոծակ...

— Գիտե՞ք, ասավ, իմ փոքրիկներ,
Պիտի սովրեք, սովրեք անվերջ,
Որ իմանաք ինչ է ձեզ պետք,
Ինչ կա ձեր շուրջն ու կյանքի մեջ:

Պիտի սովրեք, սովրեք էնքան,
Մինչև դառնաք ինձ պես վարպետ:
Դե նըստեցեք հիմի հանդարտ,
Ինչ որ կասեմ՝ կըրկնեք ինձ հետ:

Ա. Անթառամ, Բ. Բարձմենակ.
Գ. Գաղտիկուռ, Դ. Դըդում...
Է՛յ, դո՜ւ, մորե՛խ, դեսն ականջ դիր,
Ի՞նչ ես էդտեղ կըտըրտում:

Ե. Երիցուկ, Զ. Զանազան,
Է. Էշխըրտուկ, Ը. Ընկուզ...
Մի' աղմըկեք, հանաք հո չի՞.
Թիթե՜ռ՝ հանգի՜ստ, մոծա՜կ՝ սո՜ւս:

Մի՜ խառնըվեք, չեմ սիրում ես
Էդպես աղմուկ, աղաղակ:
Թ. Թըրթընջուկ, Ժ. Ժախ ու բոխ,
Ի. Իշառվույտ, Լ. Լեղակ:

Խ. Խընձորուկ, Ծ. Ծիրանի,
Կ. Կըռոթուկ, Հ. Հաղարճ...
— Տես, վարժապետ, էս մըլակին,
Ինձ ասում է՝ սարի արջ.

— Ա՜յ տղա, է՛յ, չեն հայհոյիլ:
Տըզզան հիմար անասուն...
Ձ. Ձըմերուկ, Ղ. Ղանձլամեր,
Ճ. Ճարճատուկ, Մ. Մասուր:

Դու, է՛յ Ծըղրիդ, ո՞նց ես նըստել.
Գըլուխդ — ե՜տ, մեջքդ — դո՜ւրս:
Յ. Յունապի, Ն. Նունուֆար,
Շ. Շագանակ, Ո. Ողկույզ:

— Վա՛յ, էս ինչե՛ր կան դասերում.
Ողկույզը ես շատ եմ սիրում...
— Իսկ ես կաղամբ կուտե՛մ, կուտե՛մ.
— Իսկ ես՝ ծիրան... — իսկ ես՝ կոտեմ...

Ձեզ չեն հարցնում՝ ի՜նչ կուտեք դուք
Քընաթաթախ՝ առտեհան:
Չ. Չինարի, Պ. Պատատուկ,
Ջ. Ջըրկոտեմ, Ռ. Ռեհան:

Ս. Սերկևիլ, Վ. Վարդենի,
Տ. Տերեփուկ, Ց. Ցաքի...
Ո՛ւհ, մարդ քարից պիտի լինի,
Ձեր մեջ գըլուխ կըճաքի:

Փ. Փըրփըրուկ, Ք. Քարասոխ
Օ. Օֆ, պըրծանք վերջապես...
Դե գնացեք, վաղը կգաք
Անգիր արած ջըրի պես: —

Ու հավաքած թիթեռ, ճանճ, բոռ,
Մըժեղ, մըրջյուն, մըլակ, մոծակ,
Վարպետ Բըզեզն ամառն էսպես
Դաս էր տալիս մի ծառի տակ:

Կայքը շնորհակալություն է հայտնում Na®ek (S0LA®1S) նյութը ուղարկելու համար