ԵՐԿՐԻ ԿԵՍՕՐԸ

Մերթ անցյալի ու մերթ ապագայի
լեզվով ժրաջան խոսող Երկիր,
ներկան գռեհիկ ժարգոն է նրա բանքում,-
ամոթխած մունետիկ՝ վայրի ծովափին՝
գիշերվա ողբերի կարմրալույսում կորած,-
և քաշվում է նա հաճախակի
անձկության էլիպս պատյանի մեջ-
պարանոցից հանված արծաթ շղթայի խոնարհությամբ:-


Երկրի ունկերում լճացող մրմունջը տարածքների,
ուր հարբած պտտվում է ազատության ուրուն՝
տրորելով իրենց վերգտնող դաշտավայրերի ու
սոսյաց անտառի փարթամ տխրությունը.-
դու գուշակված վերջին ասացողն ես,
որ փորագրում է սիրտ ու բանկոլ
մոխրագույն որմերին հիշողության.-
Քուչակի հայրեններով լարված ժամացույցներ՝
երթուդարձի կայաններում խեղդուկ,
օդանավերը լքած ճախրանք ու չու-
արցախյան թթենիների գոհության մեջ:-
Քեզ ծիկրակում է իմաստուն մի կեսօր,
և նա ժամին արփողն հանում է հուսո անապատից
Արքայի դիմապատկերով ոսկեդրամներ:-


Երկրի կեսօրը՝
թերթատված մատյանների տողերի տակ:
Ամփոփագրերը Երկրի՝ սկավառակներում հասարակաց: