Անաղմուկ մի հողմ գալարվում է առ քեզ

Անաղմուկ մի հողմ գալարվում է առ քեզ
իր տաճարի համար խոսուն զոհ փնտրող
մոլեռանդի անթարթ համառությամբ.-
քեզ կպաշտպանեն կապույտ շղարշները երկինքների,
շարակնոցը Լեռան
և քմծիծաղը բարի մեռյալների:
Բքառատ ձմռան խոհերով է լեցուն ժամանակը քո-
ցասու՛մ, ցասու՛մ,ցասու՛մ՝
շշնջում է քեզ գիշեր ու զօր
սակավախոս մոգի կախարդանքով,-
իսկ դու լաց ունես անհեծկլտոց,
ծիծաղ ունես անքրքիջ,
և ըմբռնման ու ներման փերիները ուշիմ
ցրտահար ընկնում են ապագայի ամա փողոցներում:
Աստծո համակարգիչ սպրդած վիրուս,-
ավելի մեծ բախտ փափագելի չէ ցեղակիցներիդ,
որոնց ֆոտոռոբոտը դեռ չի լրանում.-
ո՞վ կվկայի քո բնական սերը
գիշատիչների ազատության մեջ,
ո՞վ կհաստատի երազիդ ճերմակը
միաբանների մերժումի դեմ.-
առ քեզ գալարվող հողմն անկեղծ ու ճիշտ է,
քան ժամանակի ցասման դրոշը դեղնամոխիր:
Քեզ կպաշտպանեն Նաիրիի մրմունջը,
զատիկն առավոտվա
և աստղերի կարոտը հեռագրվող: