Նորածին նայադներով զարդարված երեկո

Նորածին նայադներով զարդարված երեկո՝
ամառնաշղարշ բլուրներին լալ
(քո աչքի տխրությունը
բնանկարը կտրտում է պատառիկների):
Բյուր ոտնահետքեր՝
աստղակուլ երկնքի հլության վրա
(քո հոգու սարսուռը
երկնքին զրկում է ծափ ու ազարտից):
Մտածող մարմնի գալարուն պարը
ամա-անանուն հրապարակներում
(քո միտքը ճանաչման հնազանդ գերին է,
փոխանակ լինես բազմատարած):-
Անդունդների խորալները հյութեղ,
ճանապարհներին մակարդվող խաղաղությունը
գալիս քարանում են
քո սառն հայացքի քառակուսիներում-
իբրև մեռյալների հուշարձաններ: