ԱՅԼԱՍԵՐՈՒՄ

Աղարտվում է վարդի կախարդ բույրը
լաբորոտոր պաղ գազահոտի,-
այդ կարմրահոգի ծաղկի սգերգը սեւ շղարշի շրշմամբ
անլուր սքողում է ջինջ լսողության ոստանները:
Խստանում է արդար լույսն առավոտի լազերափննջի համաչափությամբ:
Սրտի բաբախյունը նմանվում է թիկ-թակ
ժամացույցով գործող ուժանակի,
որ սիրում է թնդալ հրճվանքի պահերին:
Ցնծակաթվածից ծնկող ծանր ատլետի շարժ ու վարքով
գունատվում է հայացքը լեռների-
սնդիկով լիցքավորվող ամպերի ներքո:
Աստվածաշունչ խոսքը տարիմաստնանում է
համաղետներ գուժող ծածկագրերի:
Բազմագլուխ հիդրաների են ձեւախեղվում
աշխարհակալ քաղաքները հսկայամարմին:
Անմեղ սյուքը մեկեն փոթորիկ է վիժում
խաղաղության խամրող օազիսներում:-
Կերպափոխվում է երազը մահաթմբիրի,
ծառը՝ մեթաստազի, տաճարը՝ դիակիզարանի,
թռիչքը՝ օտարման...


Այլասերման մունետիկներն են սրարշավում անդուլ
երկար ու լեցուն սրսկիչներով- ամենահաս են, անկռահելի,
աճապարում են մայրցամաքների սոսկումն ի վար,
տիվ ու գիշերվա տափաստաններով,-
եւ ամեն ինչ նրանց փորձամուկն է, ինչպես
աֆիտամինով սրսկված ժամանակն այս.-
ահա ամիսների մի կարճ շարք եւս,
եւ նա անգիտակից կփլվի, ասես վերջին թմրամոլը
հետնախորշերի: Չէ, զինվոր-ռոբոտի նմանակն է անտես-
դիպուկ ու վերահաս, ծրագրավորված, հուշազերծ իսպառ-
մանկուրտ ժամանակն այս,
որին հրահանգված է մտնել բնական կյանքի մաշկի տակ
եւ անջատել նրա ոգու գծերը:-


(Ի՞նչ շոյանքով նրան դարձի բերեմ,
ի՞նչ բառեր հեղեմ նրա բեկված սրտին,
որ վերգտնի նա մաքուր ազատությունն իր...)


Վախից այլակերպված ժամանակը՝
լայն աչքերով՝ խաղք ու անհոգության դիմաց:-
Համակ ցողեմ նրան տաքուկ մտերմության ջերմուկներով.-
իմ ազիզ-շուշան ժամանակը-
քո առագաստը՝ փափուկ փողփողէջ,
որ ուզում է բացվել աստղոտ ցանկության ծովաշխարհներում...