Բյուր վարիացիաներով ու եզակի օրինակներով

Բյուր վարիացիաներով ու եզակի օրինակներով
կնքվող պայմանագրեր –
հապճեպ ստորագրվում են ոտքի վրա, օդում,
խրախճանքի ու սգո հանդեսներին,
գաղտնի ու բացահայտ –
խաղացողների ու դիտորդների միջև,
զոհի ու դահճի, սև ու սպիտակի,
բազմադեմ ներկայի ու արտաժամանակյա պաղ հոսանքների
անբառ համաձայնությամբ: -
Շուրջբոլոր ընդարձակվում են կասկածի արխիվները
և ընկղմվում անխոնջ՝ փոշու, լռության ընդերքի մեջ: -
Պայմանագրերում ՝ մարտահրավերներ՝ հին ու նորելուկ հազարամյակի,
քամահրանքի ու ահի ենթատողեր երկար:
Փոխքամահրանք, փոխսարսափ մթին –
և իրականությունը ընթերցվում է միայն խրթին գրադարձմամբ: -
Դու՝ Մայր պայմանագրի լուսանցքում ընկած
փոքրիկ պատկերանշան,
որ ոչ ոք չի ուզում վերծանել: