Անթև թռչնակ է աշուղը -
Այսօր այստեղ, վաղը այլ տեղ.
Դարձող ճախրիկ է աշուղը,
Այսօր այստեղ, վաղը այլ տեղ:
Մերթ անսավաղ, ծարավ, պապակ,
Մերթ անհաջող, մերթ հաջողակ.
Թափառում է նա շարունակ,
Այսօր այստեղ, վաղը այլ տեղ:
Մի տեսակ լուսատըտիկ է,
Լուր տարածող մունետիկ է,
Հողմից հալածված ամպիկ է,
Այսօր այստեղ, վաղը այլ տեղ:
Զուր հույսերով խարխափում է,
Գեղեր, քաղաքներ չափում է,
Կայծակի նման խփում է,
Այսօր այստեղ, վաղը այլ տեղ:
Ջիվան, մի տեղ դադար չունի,
Մեղվի պես միշտ կըթռչկոտի.
Այս ընթացքով պիտի մեռնի,
Այսօր այստեղ, վաղը այլ տեղ: