ԿՌՈՒՆԿ

Կռունկ, թե դու գնաս դեպ մեր երկիրը,
Աստված սիրես, իմ ծնողաց բարև տար.
Պաշտելի են նրա հողն ու մոխիրը,
Նվիրական սուրբ հայրենյաց բարև տար:

Իմ հայրենյաց օդն ու ջուրը քաղցր են շատ,
Բարելից երկիր է, բերքերով առատ.
Շեն աշխարհ էր, այժմ դարձած անապատ,
Այն ողբալի ավերակաց բարև տար:

Պանդուխտ մարդը հանգիստ չունի մի վայրկյան,
Համարյա թե ոչ մեռած է, ոչ կենդան,
Կռունկ, երբ որ կերթաս դեպի Հայաստան,
Մի քանի օր դու այնտեղ կաց, բարև տար:

Ման արի չորս կողմը մեր ծովակներու,
Պատկերը տես հայոց ավերակներու,
Բոլոր թե հին, թե նոր նահատակներու,
Լուսահոգիներու շիրմաց բարև տար: