Աշուղներից ի՞նչ կսպասեք, գիտուններ,
Անգրագետ և անուսում մարդիկ են.
Նրանց դուք միք ծաղրիլ, մեծ իմաստուններ,
Նրանք էլ ջոկ տեսակ գույնի ծաղիկ են:
Աշուղի լապտերը բնական վառ է,
Նա շատ բան կտեսնի, մտքով պայծառ է,
Ինչ ժողովուրդ աշուղ չունի՝ թշվառ է,
Աշուղները ցնծության մունետիկ են։
Ուսման ծարավի են, գիտության կարոտ,
Շատի համար մութն է ցերեկը, աղոտ,
Բարձր, տաղանդավոր գրողներու մոտ
Աշուղները աշակերտ են, փոքրիկ են:
Զիվան, աշուղները ամենայն տեղ են,
Շատերու վերքերուն ու ցավին դեղ են,
Ռամիկ դասի մեջ մեկ-մեկ կանթեղ են,
Սիրելի են նրա սրտին, մոտիկ են։
1900