Նազելի, թագուհի'ն չէ քեզ համեմատ,
Ծոցը հոտով ծաղիկ չունի քեզ նման,
Սև-սև աչքեր, կամար ունքեր, լայն ճակատ,
Ամենայն գեղեցիկ չունի քեզ նման:
Դրախտի ծնունդ ես գեղա'նի շուշան,
Ծոցումդ պահված կա հոտով պալասան,
Թեև սուլթանի մոտ սիրուններ շատ կան,
Նորանց մեջ մի հատիկ չունի քեզ նման:
Դու Ջիվանու ասածիցն էլ առավել,
Որքան գովասանք տան` է քեզի վայել,
Թեպետ Վրաստանի անունն է ելել,
Իսկապես, սիրունիկ չունի քեզ նման:
Ազգ իմ, ո'րքան նըկուն մնաս,
Սիրտս քեզանից չի զատվի,
Հազար տեսակ չարչարանք տաս`
Սիրտըս քեզանից չի զատվի:
Քեզ չեմ մոռանա հավիտյան,
Հարազատ մայր իմ Հայաստան,
Թեկուզ դրախտն էլ ինձի տան,
Սիրտըս քեզանից չի' զատվի:
Քեզանով եմ ես երջանիկ,
Իմ սիրելի, իմ անուշիկ,
Ծոցիդ մեջը հանգչիմ մայրիկ,
Սիրտըս քեզանից չի զատվի:
Ջիվանին եմ քեզ բարեկամ,
Քանի ողջ եմ, ամենայն ժամ,
Հնդկաստանին էլ տեր դառնամ,
Սիրտըս քեզանից չի զատվի: