“ՌԱՆՉՊԱՐՆԵՐԻ ԿԱՆՉԸ”

 Մուշ քաղաքի ս. Մարինե թաղում հայոց լեզվի դաս էր:
— Ապա արտասանիր “Ռանչպարների կանչը”, — մատնացույց արեց Մելքոն վարժապետը վերջին շարքում նստած մի թխադեմ աշակերտի, որ լուսամուտին կպած մտազբաղ նայում էր Ձորաթաղի այգիներին:
    Աշակերտը կանգնեց:
    Բոլորը զույգ-զույգ էին նստած, իսկ սա մենակ էր: Կողքի դասընկերը մի տարի առաջ լքել էր դպրոցը՝ իրեն մենակ թողնելով վերջին նստարանին:
    Շաբաթը մեկ անդամ Մելքոն վարժապետը աշակերտներին կրկնել էր տալիս հայոց այբուբենը: Աշակերտները պարտավոր էին անգիր ասել բոլոր տառերը, դրանք զուգակցելով հայ շինականների առավոտյան կանչերի հետ: Այբուբենը սերտելու այս եղանակը Մելքոն վարժապետն էր մշակել ոտանավորի ձևով, նպատակ ունենալով հայոց գրերի պատկերը և հաջորդական կարգը ամուր դրոշմել իր սաների հիշողության մեջ: Այնպես պետք է արտասանեին, որ թվար, թե առավոտ է, և ռանչպարները իրար ձայն տալով շտապում են դաշտային աշխատանքի:
— Ա՛յբ, նե՛ն, գե՛մ,
Բրդեմ ուտեմ.
— Ի՞նչ ուտես, — ընգմիչեց Մելքոն վարժապետը հոնքերը խոժոռելով:
— Թփով կլուլիկ կարմիր տաքտեղով:
Դասարանը փռթկաց:
— Լավ բան է Մշո թփով կլուլիկ ուտելը, այն էլ կարմիր տաքտեղով, բայց դասը լավ սերտելուց հետո, — սաստեց վարժապետը: — Այլապես տեսնու՞մ ես վարոցների խուրձը:
— Առաջ ուտել, հետո սերտել, — պատասխանեց թխադեմ աշակերտը, դժկամությամբ նայելով բարակ վարոցների կապոցին, որ դրված էր անկյունում, կարգապահությունը խախտող և դասը չսովորող աշակերտներին պատժելու համար:
— Դու ասա “Ռանչպարների կանչը”, — դիմեց պարոն Մելքոնը մի ուրիշ աշակերտի, որ առջևում էր նստած և թըվաբանությունից ու մայրենի լեզվից միշտ հինգ ու խաչ էր ստանում:
    Խաժաչք, սուր քթով և մազերի խոպոպները ճակատին թափած սասունցի մանուկ էր Սանասարը: Դասը պատասխանելուց առաջ սա միշտ դիմում էր Մարութա սարին, կարծես ուժ առնելու համր: “Յա Մարաթուկ”, ասում էր ու դասը պատասխանում: Ուստի դասարանում նա հայտնի էր նաև “Յա    Մարաթուկ” մականունով:
   Սանասարը համարձակ վեր կացավ, և “Յա Մարաթուկ” դոչելով, ճակատը բարձր պահած սկսեց.

— Ա՛յբ, բե՛ն, գի՛մ,
Ե՛լ, Հովակիմ,
Դա՛, ե՛ջ, զա՛,
Լծիր եզան:
է՛, ը՛թ, թո՛,
Վերկաց, Թաթո,
ժե՛, ինի՛, լյո՛ւն,
Կապիր քո շուն:
Խե՛, ծա՛, կե՛ն,
Ու՞ր է Հակեն:
Հո՛, ձա՛, ղա՛տ,
Միհրա՜ն, Մրհրդա՜տ,
Ճե՛ն, մե՛ն, հի՛,
Կգանք հիմի:
Նո՚ւ, շա', ո՜,
Պրծիր, Շավո,
Չա', պե', ջե',
Ուշ է, Վաչե:
Ռա', սե', վե՛վ,
Ծագեց արև:
Տյո՛ւն, րե', ցո',
Մարդ աստծո:
Վյո՚ւն, փյո՛ւր, քե',
Քելե, Սրքե,
Ե՛վ, օ', ֆե',
0, ի՜նչ զով է:

— Ապրե՛ս, Սանասար: Դու Սասնա ո՞ր գյուղից ես:
— Բսանաց գավառի Ջրտնիք գյուղից:
— Շատ ապրես, որդիս: Ա՜յ, այդպես կսերտեն “Ռանչպարների կանչը” և ոչ թե կլուլիկ ուտելու մասին կմտածեն, — նկատեց Մելքոն վարժապետը և դասամատյանը բաց անելով Սանասարի անվան դիմաց ավելացրեց մի նոր հինգ ու խաչ:
    Թեպետ խոսքը վերջին նստարանի աշակերտի մասին էր, բայց նա դարձյալ դրսի աշխարհով այնպես էր կլանված, որ բոլորովին չլսեց իր ուսուցչի ձայնը: Ներքևում ձորի մեջ ինչ-որ բան էր կատարվում, որ նրան գամել էր լուսամուտին:
— Ուշադրությունդ ուրիշ տեղ է, Մամիկո՛ն:
— Ա՛յբ, բե՛ն, գի՛մ,
Ել, Հովակիմ,
Դա՜, ե՚ջ, զա՛,
    Լծիր եզան, — բարձրաձայն կրկնեց թխադեմ աշակերտը և լուսամուտը արագությամբ բաց անելով, իրեն վայր նետեց այնտեղից: — Վարժապետ, ես գնացի, — հնչեց Մամիկոնի ձայնը լուսամուտի տակից: Նա թռավ առաջին տանիքը, այնտեղից երկրորդ տանիքը և, մի կտուրից մյուսը անցնելով, սլացավ դեպի Զորաթաղի այգիները:
    Տարիների ընթացքում մի քանի աշակերտներ զանազան պատճառներով լքել էին ուսումը: Բայց նրանցից ոչ մեկը այդպես չէր բաժանվել դպրոցից, այդքան հանդուգն և անթույլատրելի ձևով:
    Զորի մեջ կանացի ճիչեր լսվեցին, և դպրոցում պարապմունքը ընդհատվեց:
Հետևյալ օրը շաբաթ էր:
    Վարժապետ Մելքոնը վաղ լուսաբացին շտապեց դեպի ս. Մարինե թաղը՝ իր աշակերտի ծնողներին տեսնելու:
Նրանց տունը շինված էր գետափին:
    Հասավ այն ժամանակ, երբ Մամիկոնը, մի կապոց թևի տակ, քայլում էր դեպի այն կամուրջը, որ ս. Մարինե թաղը միացնում էր Կողու թաղին:
— Մամիկո՛ն:
Պատանին կանգ առավ:
— Զավակս, երեկվա դեպքը ցնցեց մեր քաղաքը: Բայց խոհեմություն չէր այդքան անթույլատրելի ձևով հեռանալ դպրոցից՝ “Ռանչպարների դասը” թողնելով կիսատ:
— Իմ դասը վերջացավ, վարժապետ: Ներիր ինձ և թողություն արա ձեռքդ համբուրեմ:
— Քահանայի ձեռքն են համբուրում, ես քահանա չեմ:
— Ոչ թույլ տուր համբուրեմ ձեռքը այն մարդու, որ հայոց այբուբենի մշակն է եղել երեսուն տարի: Օրհնյալ լինես դու, Մեսրոպ Մաշտոց: Օրհնյալ լինես և դու, Մելքոն վարժապետ:
— Որոշել ես գնա՞լ:
— Իմ պես պատանին իրավունք չունի այժմ հանգիստ նստել դասի:
Մելքոն վարժապետի աչքում արտասուք երևաց:
— Գնա՛, տղաս, ես քեզ արգելք լինել չեմ կարող: ճիշտ է, իմ դասարանը մեկով կպակասի, բայց ժողովրդի համար գործող արաբոների թիվը մեկով կավելանա: Անցյալ տարի կոփեցի Շեկ Լևոնը գնաց Ամերիկա, այժմ դու ես գնում: էլ ո՞վ պիտի լսի ս. Կարապետի Ժառանգավորաց վարժարանի շրջանավարտ Մելքոն վարժապետի դասը: Ո՞վ պիտի անգիր անի “Ռանչպարների կանչը”: Գոնե այնքան սովորեիր, որ կարողանայիր “Նարեկը” և Րաֆֆու “Խենթը” կարդալ:
— Իմ սովորածը ինձ բավ է, Մելքոն վարժապետ: Շարժում է ինձ պետք, լեռների կյանք եմ փնտրում: Ես մեկ էլ քեզ մոտ կգամ այն ժամանակ, երբ ռանչպարների կանչը իրական դառնա և հայ շինականներն առանց երկյուղի գնան գործի: Տա աստված, որ քեզ ողջության մեջ տեսնեմ վերադարձիս:
— Գնա՛, որդիս, և աստված քեզ հետ: Մինչև ցորյանի հատիկ չմեռնի՝ հունձք չկա: Եվ եթե քո մեջ հավատք ունես մանանեխի հատիկի չափ՝ լեռը կշարժես:
Մելքոն վարժապետը հնամաշ վերարկուն թիկունքին ուղղելով, թանձր ծխելով ետ դարձավ, իսկ Մամիկոնը առաջ ընթացավ քթի տակ դանդաղ երգելով.

Թե հայրենյաց պսակադիր
Գողթնի քնարք լռել են,
Երկնուց թող գան անմահ հոգիք
Հայոց քաջեր պսակել:

    Փրե կամուրջով անցնելիս Մամիկոնը տեսավ իր դաստիարակներից մեկին, որ գետափին կռացած լվացվում էր պաղ ջրով: Հայոց պատմության ուսուցիչ պարոն Սենեքերիմն էր, որ ամեն առավոտ իջնում էր ձորը գետակի ջրով թարմանալու:
Նրա տեսքը մռայլ էր:
    Պարոն Սենեքերիմը իր աշակերտին չնկատեց, այլապես կարող էր կանգնեցնել նրան և հարցնել, թե որո՛նք են Հայաստանի գավառները:
Մամիկոնը գնում էր ոտքով չափելու այդ գավառների լայնքը և նրանց լեռների վրա սերտելու ռանչպարների կանչը: