ՄՈԻՏՔ

    “Կարմիր իրիցու տների բուն կենտրոնը եղել է Խութ-Բռնաշեն գավառակի Արծվիք գյուղը, որ կոչվել է նաև Կրպնիք-Արծվիք: Տոհմի հիմնադիրը եղել է կարմիր մորուգով մի երեց, որ ունեցել է քառասուն զավակ: Այդ տան մի ճյուղը Արծվիքից տարածվել է Մոտկան, Մոտկանից՝ Մուշ, Մշուց՝ շրջակա մի քանի գյուղեր: Դրանք կարմրահեր, կապուտաչյա հայեր էին՝ աշխատասեր և քաջ, բարությամբ անսահման, ազնվությամբ անբաղդատելի: Կարմիր երեցը ունեցել է Կոճղեզ անունով մի թռչնագիր ավետարան, որ այժմ կորած է համարվում: Այդ գրքի վրա հին հայերը երդվել էին:
     Խութ-Բռնաշենի սահմանների վրա, ս. Աղբերիկ վանքից ոչ շատ հեռու, գտնվում էր կարմիր իրիցու գյուղերից մեկը — Վերին Շնիստը: Շնիստի գյուղապետն էր տանուտեր Գասպարը: Ռես Գասպարը իր որդի Բդեին (Բաղդասար) 1715-ին ուղարկում է Գոմաց վանքը գրել-կարդալ սովորելու: Նոր վայրում դպրոցն ավարտելով և սոլկարի արհեստին հետևելով, Բդեն դառնում է նշանավոր արհեստավոր: Բդեի թոռը (Բդե Բ) 1825-ին իր հոր հետ Գոմաց վանքից տեղափոխվում և հաստատվում է Դաշտի Խաս գյուղ բնակավայրը, որ Մուշից ոտքով կես օրվա ճամփա է:
     Բդե Բ-ն Խասգյուղի մեջ ունեցավ չորս զավակ: Ավագ զավակի անունը Գասպար էր: Սրանք փոխանակ իրենց հորենական սոլկարի արհեստը բանեցնելու, սկսեցին խեցեգործությամբ զբաղվել և, իրենց ձեռնարկը ընղարձակելով, հաստատվեցին Մուշ քաղաքում:
     Գասպարն էր, որ 1862-ին առաջին անգամ խեցիների խանութ բաց արեց Մշո մեջ: նա ունեցավ չորս արու զավակ:
     Այս հուշեր գրողը ես եմ՝ Բդե Միսակը, կարմիր իրիցու տներից, երկրորդ որդին Գասպարի: Մեր տունը շինված է Մշո Ձորաթաղի մեջ, որի կռնակը Կուրտիկ լեռն է: Մեր տան առջևով քաղաքի գետակն է գլորվում, երբեմն գազազած քանդելով իր վրայի կամուրջները:
     Մեր տան ետևը աղբյուր կա և քաղաքում հայտնի է Պաղորակ անունով: Ինչպես շատ մշեցիք, այնպես էլ ես այդ աղբյուրի կենսատու ջրով եմ սնած ու մեծացած:
     Իմ պապը՝ Բդե Բ-ն, տեսավ իր զավակների հալածվելն ու տառապանքը օսմանյան բանտերի մեջ և վշտից մեռավ 1835-ին, թաղվելով Ջորաթաղի գերեզմանատանը: Նա էր, որ ինձ իր ծնկներին նստեցնելով, սովորեցրեց հայոց երկաթագրերը: Ու ես Տարոն աշխարհի հիշատակարանն եմ գրում պապիս սովորեցրած գրերով: Գրում եմ անցյալ ժամանակով, քանզի հիշատակարանը գալոց սերունդների համար է, երբ ես էլ մեռած կլինեմ, ինչպես վաղուց մեռած են Բդե գերդաստանի բոլոր մեծերը Վերին Շնիստում, Խաս գյուղում և Մուշ քաղաքում:
     Գրում եմ դեպք առ դեպք, քառածալ թղթի վրա, ընկույզի կեղևից շինած մելանով, ականջս Մշո գետակի աղմկահույզ շառաչին, որ զօր ու գիշեր անլռելի հնչում է մեր տան մոտով:
     “Աստված, դու նախ մեր ազգի բոլոր զավակներին տիրություն արա, հետո իմ երկու զավակներին ու եղբայրներիս և մանավանդ իմ սիրասուն եղբայր Վաղարշակին, որ բնակիչն է Խասգյուղի: Եվ հավիտյան խնկելի հիշատակով պահիր մեր քաղաքի երևելի մարդոց, մեր Կոտո Հակոբին, մեր Մելքոն վարժապետին և Մշո ու Սասնո աշխարհի մեր աննման ժողովրդի մեծին ու փոքրին:
     Տեր ամենակարող, սատարիր ինձ, որ ավարտեմ հիշատակարանը Տարոնա և մեղքերիս թողություն տուր, որ ավուր դատաստանին սևերես չգամ քովդ: Մեղա քար բերնիս”:

     “Տարոնը՝ Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի գավառներից մեկն է, այժմյան Մշո դաշտը, որի կենտրոնն է Մուշ:
     Մշո հարավում Սասունն է: Հայ իշխանության օրերին Սասունի բնակչությունը բաղկացած էր բացառապես հայերից, որոնք կոչվում էին լեռնցի, այդպես է հավաստում Զենոբ Գլակը: Ժէ և ԺԸ դարերում քրդական վաչկատուն ցեղերը հարավից գաղթելով և հայերի հետ շփման մեջ մտնելով, հետզհետե թափանցեցին Սասնո Բuանք, Խիանք և Գաբլճոզ գավառակների մեջ:
     Օսմանցին մի օրենք ուներ. եթե մեկը տաս տարի օգտագործում էր մի արոտավայր, այդ արոտավայրը կամ կալվածքը այլևս դառնում էր նրա սեփականությունը: Այսպիսով, վերոհիշյալ գավառակներում, լեռնցի հայերի բոլոր արոտավայրերը, որտեղ քուրդ աղաները իրենց անասուններն էին արածեցրել, մի քանի ամառվա ընթացքում՝ քրդերի ձեռքն անցան: Այդ գավառակները ոչ միայն խէվեցին իրենց տերերից, այլե հայ գյուղացիները խաֆիր (ճորտ) դարձան այդ հողերի վրա: Նրանք պարտավոր էին շաբաթվա մեջ մի քանի օր ձրի աշխատել քուրդ աղայի համար և նրան խաֆիրության տուրք վճարել: Մինչև անգամ քուրդ աղաները իրենց ճորտ հայերին կամ հայերով բնակեցված գյուղերը սկսեցին ծախել կամ նվիրել միմյանց՝ իբրև ինչք կամ ստացվածք:
     Այս վիճակին ենթարկվեցին ոչ միայն Խիանքի, Բսանքի և Գաբլճոզի գավառակները, այլև նրանց հարևան շրջանները՝ Խnւթ-Բռնաշենը և Մոտկանը: Հարստահարությունը այնպիսի ահռելի չափեր ընդունեց, որ այդ վայրերի հայ բնակիչները, մեծ մասամբ կարմիր իրիցու տներից, լքեցին իրենց տունն ու տեղը և իրենց լեռներից իջան Մշո դաշտ՝ շարժվելով դեպի Խնուս, Բուլանուխ և Ալաշկերտ:
     Մշո դաշտի մի շարք գյուղեր Աասունի և Խութի նախկին բնակիչներից են կազմված: Մոկսի և Վանի Շատախի բնակիչները հին սասունցիներ են: Խաֆիրության տուրքը այնպիսի խոր արմատներ էր ձգել քրգերի մեջ իբրև իրենց արդար իրավունք, որ որևէ քուրդ, ոտքով երկու օրվա ճամփա կտրելով, Սասնո կամ Խութա լեռներից իջնում էր Մշո դաշտ, գտնում էր իր նախկին հպատակ հային, մեկ-երկու օր հյուր էր լինում այդ հայի տանը և հաջորդ օրը, գանձելով իր տուրքը, ամենաքիչը մի զույգ տրեխ կամ գուլպա վերադառնում էր տուն: Անձամբ հիշում եմ, մենք Խութ-Բռնաշենի քրդական աշիրեթապետությանը պատկանելով (որովհետև կարմիր իրիցու տան մեր նախնիքները ապրած :